Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված դասախոսությանը «Զրույց Հայաստանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ» խորագրի ներքո, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հակադարձել է ադրբեջանցի պատգամավորին:
Հարցուպատասխանի ժամանակ ադրբեջանցի պատգամավորը հարց է ուղղել, թե արդյոք Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ միասին գնալ միջազգային տրիբունալի՝ ուսումնասիրելու հայերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, որոնց մասին առկա են ՄԱԿ ԱԽ բանաձեւեր, Եվրոպական խորհրդարանի, ԵԽ բանաձեւերի:
Ի պատասխան Հայաստանի ԱԳ նախարարը նշել է.
«Իսկ ինչպե՞ս պետք է վերաբերել Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործություններին: Դուք լսե՞լ եք Բաքվի մասին: Լսե՞լ եք Սումգայիթի, Մարաղայի մասին, լսե՞լ եք Շահումյանի շրջանի օկուպացիայի մասին: Լսե՞լ եք Մարտակերտի շրջանի մի մասի օկուպացիայի մասին: Լսե՞լ եք Մարտունու շրջանի մի մասի օկուպացիայի մասին:
Ուզում եք՝ շարունակե՞մ: Հենց սրա մասին է խոսքը: Դուք պատրա՞ստ եք նվազեցնելու հռետորաբանությունը: Դուք պատրա՞ստ եք հասկանալու մեր մտահոգությունները: Դուք պատրա՞ստ եք ներգրավվելու նման երկխոսության մեջ: Թե պետք է լինի ձեր ճշմարտությունը, այլապես ճշմարտություն չկա: Պետք է լինի միայն ձեր ցանկացած ձեւով լուծում, այլապես այլ լուծում չկա: Առավելապաշտական լինելով երբեւէ խաղաղություն չենք ունենա: Հենց սա է ընկած իմ կողմից մատնանշված ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու դրույթի առանցքում:
Դուք խոսում էիք մեզ վերաբերող խնդրների մասին: Ձեզ սրբի տեղ մի դրեք:
Ես ասացի, որ կա անվտանգության հարց, որ առկա է անվտանգային միակ կազմակերպում, որ թույլ չի տալիս, որպեսզի վերսկսվի ագրեսիան, օկուպացիան. բառեր, որոնք ձեզ հայտնի են եւ որոնք դուք այդքան հաճախ եք օգտագործում։
Ագրեսիա, օկուպացիա եւ մեր 150 հազար հայրենակիցների ֆիզիկական, էքզիստենցիալ անվտանգությանը սպառնացող վտանգ։ Նրանք մարդիկ են, որոնք ունեն անուն, ընտանիք, տներ, ֆիզիկական անվտանգության մտահոգություններ, եւ չկա անվտանգության որեւէ այլ կազմակերպում, քան այն, ինչ ունենք այսօր։
Բանակցությունները հենց դրա շուրջ են, թե ինչպես հասնել մի կետի, որը չի հասցեագրի մի կողմի առավելապաշտական պահանջները՝ մյուսների հաշվին»: