Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի իշխանական ներկայացուցիչներ՝ «Իմ քայլի» պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Թագուհի Ղազարյանը հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Նաիրա Զոհրաբյանի փոփոխության հարց չեն քննարկում։ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց իշխանական պատգամավոր Թագուհի Ղազարյանը:
Մենք նրան նման հարց էինք ուղղել, քանի որ այսօր hraparak.am-ը գրել էր, թե Նաիրա Զոհրաբյանին հեռացնելու միտում կա, ավելին՝ այդ թեմայով նրանք արդեն խոսել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:
Ըստ շրջանառվող լուրերի՝ պատճառը Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումներն են, հատկապես՝ «ՀուԶանք ու Զանգ» աղմկահարույց ներկայացման մասին։
«Մոտ մեկ ամիս չեմ խոսել Մարիա Կարապետյանի հետ, քանի որ այս պահին նա երկրում չէ: Տիկին Մակունցին էլ մոտ երկու շաբաթ է չեմ տեսել: Այսինքն՝ որևէ հարց քննարկելու կամ որևէ հարցի շուրջ խոսելու առիթ չենք ունեցել: Ես նույնիսկ չգիտեմ, թե որտեղից է նյութի աղբյուրը, ով է ասել, որ մենք խոսակցություն ենք ունեցել կամ պատրաստվում ենք ինչ-որ քայլեր ձեռնարկել: Բայց ենթադրում եմ, որ ինչ-որ մեկի ստեղծագործական երևակայությունն է: Իսկ ՀՀ-ում, ինչպես գիտենք, մարդիկ ազատ ստեղծագործելու իրավուք ունեն»,- ասաց պատգամավորը:
Նա նաև նշեց, որ տիկին Զոհրաբյանը, լինելով Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, երբեմն նրբանկատ չի արտահայտվում մարդու իրավունքներին վերաբերող հարցերում։