Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը կդառնար 23 տարեկան:

Ռոբերտ Աբաջյանը ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 16-ին՝ Երեւանում, զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ին Քառօրյա պատերազմի ժամանակ՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս:

Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին, Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով:

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախա-Ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։ Սկզբնապես հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ուժերն անցնում են գրոհի։ Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը, զինված լինելով նաեւ տանկերով, փորձ են կատարում գրավելու հայկական դիրքերը։ Վաշտի հրամանատար, ՀՀ ԶՈւ կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարությամբ, վեց հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձեւ պաշտպանության՝ երկու անգամ հաջողությամբ հետ շպրտելով թշնամու լայնածավալ հարձակումները՝ այդ ընթացքում խոցելով նաեւ թշնամու մեկ տանկ։ Անհաջող հարձակման փորձից հետո թշնամին հետ է քաշվում եւ կրկին սկսում հրետանակոծել հայկական դիրքերը։ Արկերից մեկի պայթյունից շուտով զոհվում են կապիտան Ուրֆանյանը եւ գնդացրորդ Քյարամ Սլոյանը։

Վաշտի հրամանատարի մահվանից հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա եւ պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերաջանում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Աբաջյանը, կողքին մնացած միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ, համառ դիմակայությամբ, նահանջում են դեպի դիրքային կացարան։ Արյունահոսությունից շուտով մահանում է Զոհրաբյանը։ Մարտական խորշում դիրքավորվելով, Ռոբերտ Աբաջյանը մինչեւ վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, միեւնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ եւ վերջինիս կարեւոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել եւ ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ եւ ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։

Անձնազոհ քայլով Ռոբերտ Աբաջյանը նաեւ փրկել է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին։ Աբաջյանի՝ «այս դիրքը հանձնողի մերը» արտահայտությունը թեւավոր խոսք է դարձել:

Ապրիլի 8-ին, կողմերի միջեւ նախապես ձեռքբերված պայմանավորվածությամբ իրականացվում են զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներ, որի արդյունքում հայկական կողմը հայտնաբերում է Աբաջյանի եւ Զոհրաբյանի դիերը:

2003 թվականին Աբաջյանն ընդունվել է Երեւանի թիվ 147 հիմնական դպրոց, որն ավարտել է 2012 թվականին։ 2012 թվականին ընդունվել է Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջ։ Քոլեջն ավարտել է 2014-ին՝ ատամնատեխնիկի որակավորմամբ։ 2014 թվականին ընդունվել է Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ: Ռոբերտ Աբաջյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2014/2 զորակոչով՝ Արաբկիրի ԶԿ-ից։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է կրտսեր սերժանտի կոչում։