«Ես չեմ սիրում, երբ որ մի բան արվում է հանուն քաղաքի, հանուն հայրենիքի, կուսակցությունները մոռանում են էդ կարեւոր խնդիրը ու սկսում են կռվել: էդ կուսակցական կռիվներն իմ ամենաատելի բանն են: Այս դեպքում առաջարկությունը եղավ «Ժառանգություն» կուսակցությունից, համաձայնեցի: Եթե կարողանայի իմ քաղաքի համար մի լավ բան անեի, կապ չունի, թե որ կուսակցությունը կառաջարկեր», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց « Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված երգիչ Արթուր Իսպիրյանը:
Նրա խոսքերով, ինքը ավագանու ընտրություններին գալիս է որպես քաղաքացի, քաղաքը սիրող մարդ, ոչ թե արվեստի գործիչ. «Մի կողմ եմ դնում արվեստի բոլոր խնդիրները, իմ ձայնագրությունները, իմ աշխատանքը, որովհետեւ եկել է այն պահը, որ պետք մտածենք մեր քաղաքի մասին: Ինչքան էլ մեր Տարոն Մարգարյանի աշխատանքը ինչ-որ չափով դրական եմ գնահատում, բայց շատ-շատ բացթողումներ, անելիքներ կան»: Նա դժգոհեց հատկապես քաղաքի սանիտարական վիճակից. «Սանիտարական աշխատանքների կազմակերպման վիճակը, քաղաքաշինության հարցերը ահավոր վիճակում են գտնվում, նույնը կիսատ-պռատ թողած շենքերի մասին կարելի է ասել: Շատ- շատ բաներ կան, որոնք իմ մոտ գրանցում եմ, երբ ոտքով քաղաքը ման եմ գալիս եւ մտնում են նենց տեղեր, որտեղ մեքենա չի մտնում: Բաներ կան, որոնք պատի հետեւում են, չեն երեւում , բայց այդ հարցերը պետք է լուծել, տարրական հարմարություններ պետք է մարդկանց համար ապահովել: Ով եկավ քաղաքապետ՝ իր թիմով մտածեց, որ այս քաղաքը իր անձնական սեփականութունն է, հեսա ամեն մեկը մի բան փախցնի ու գնա: Էդպես չէ: Էս քաղաքը անձնական սեփականություն չէ, սա մի թխվածք չէ, որ հենց դառնան քաղաքապետ եւ բաժանեն իրենց կուսակիցների կամ քաղաքապետարանի աշխատակիցներ միջեւ: Եկել է ժամանակ, որ արդեն բան չի մնացել մեր քաղաքից: Պետք է մտածել մեր քաղաքի արտաքին տեսքի մասին էլ»:
Պարոն Իսպիրյանը մի ցանկություն ունի. «Մեր ազգը, որը առաջինը ծնողների կենացն է խմում, թույլ չտա, որ 70 տարեկան կինը առավոտը ժամը 4-5-ին ավելը ձեռքին, նախանադարյան համայնական կարգերի ժամանկվա նման ավելով մաքրի փողոցն առանց իրեն ապահովված զգալու: Գիշերը լույսը չբացված՝ տարիքով կանայք էդ փոշիների մեջ, էս ո՞ր թիվն ա, ո՞ր դարն ա: Էնքան տարբեր լուծումներ կան, շատ պաշտոնյաներ, եթե հրաժարվեն իրենց գերշահույթներից ու մի պահ մտածեն, որ էս քաղաքը նաեւ իրենց երեխաներինն է լինելու՝ կլուծեն: Չի կարելի էսպես շտապ-շտապ որոշումներ կայացնել, ինչպես մեր քաղաքի ճարտարապետական տեսքը սենց այլանդակեցին: Մի ճարտարապետ, որը ոչ մի լավ բան չի արել, չի կարելի իրեն ընտրել նորից գլխավոր ճարտարապետ: Բոլոր ճարտարապետներն էլ իրենց թերություններն ունեցան, ենթարկվեցին ճնշումների: Եթե գլխավոր ճարտարապետը պետք է ենթարկվի ճնշումների, նշանակում է՝ եղած-չեղած մի հաշիվ է»: