Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմը ամեն պատեհ պահ օգտագործում են հայտարարելու համար, որ պետական բյուջեի գումարները պետք է ծախսվեն նպատակային, իսկ ամեն լուման հնարավորության դեպքում պետք է տնտեսվի: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ֆիքսում էր նախկին իշխանությունների՝ հանրապետականների գրեթե բոլոր ճոխությունները:
«Երևան քաղաքի նստարանները, որ փողոցներում դրված են, մեկ հատը գնվում է 160 հազար դրամով: Մեր փորձագետները գտնում են, որ դա փոխված գին է, կոռուպցիոն ռիսկեր կան»,- սրանից մոտ 2 տարի առաջ «Հոդված» 3 ակումբում այսպիսի հայտարարություն արեց վարչապետը, այն ժամանակ՝ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Եվ ահա մեր օրերում, երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, Տարոն Մարգարյանն էլ հեռացել է, նույն նստարանները Հայկ Մարությանի ղեկավարած Երևանի քաղաքապետարանը գնում է ոչ թե 160, այլ 164 հազար դրամով: Խոսքը «Երևան» ձուլվածքով թուջե նստարանների մասին է: Մամուլում արդեն Մարությանին քննադատում են գերթանկարժեք գնումների համար, նրա համար, որ միայն այս տարի նստարաններ գնելու համար հատկացվել է 80 մլն դրամից ավելի: Հիշեցնենք, որ խոսքը նույն ընկերության մասին է որը Տարոն Մարգարյանի օրոք նույն նստարաններից վաճառում էր քաղաքապետարանին և Նիկոլ Փաշինյանն էլ քննադատում էր:
Փաշինյանը դժգոհում էր նաև այն հանգամանքից, որ 2017-ին նախագահ Սարգսյանի աշխատակազմի ծախսերի համար հատկացվել էր 4.5 մլրդ դրամ (շուրջ 9.5 մլն դոլար): Ընդամենը մեկ ու կես տարվա ընթացքում Փաշինյանի աշխատակազմի բյուջեն ավելացել է մի քանի անգամով և ճոխ ծախսերն էլ իրենց սպասեցնել չեն տվել: Փաշինյանի թիմը նաև չի մեկնաբանում, որ վարչապետը շուրջ 540 հազար դոլար արժողությամբ նոր մեքենա է գնել, բացի այդ էլ նախատեսում է ձեռք բերել 50 միլիոն դոլար արժողությամբ նոր ինքնաթիռ, դրան գումարած այն հսկայական ծախսերը, որոնք անհրաժեշտ են լինելու կառավարական առանձնատունը վերանորոգելու համար: Սրանք ընդամենը մի քանի օրինակներ էին, սակայն ակնհայտ է, որ անջրպետը ընդդիմադիր և վարչապետ Փաշինյանի, և հատկապես վերջինի՝ ժամանակին արված հայտարարությունների և ներկայումս արվող քայլերի միջև, գնալով միայն խորանում է…