Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում: Հայաստանի և Արցախի ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ–ների ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովայի հետ՝ պարզելու համար, թե ինչ գրեցին, պատմեցին ու լուսանկարեցին ադրբեջանցի լրագրողները Հայաստան ու Արցախ կատարած այցերի ժամանակ և ինչպիսի արձագանք գտան այդ հրապարակումները ադրբեջանական հասարակության մեջ:
«Բաքու վերադառնալուց հետո, ադրբեջանցի լրագրողների հրապարակած նյութերում տեսանք բացարձակ քարոզչություն, կանխակալ վերաբերմունք: Հրապարակումներից մեկը՝ հենց սկզբից՝ միֆերի, առասպելների կույտ էր Հայաստանի ու հայերի մասին: Պետք է նշեմ, որ նույնիսկ ընտրված էին այնպիսի նկարներ, որ հանկարծ ցույց չտան իրական Հայաստանը, մեր զարգացումը, երկրում տիրող իրական սոցիալական վիճակը, այսինքն՝ նկարները ընտրված ու արված էին այնպես, որ հնարավորինս բավարարեն ադրբեջանական հասարակության՝ տարիներ շարունակ մատուցվող քարոզչությունն այն մասին, որ մեզ մոտ ամեն ինչ վատ է, շատ աղքատ պետություն ենք և այլն: Ինչը իրականում այդպես չէ»,- նշում է Էլիբեկովան:
Ադրբեջանագետն ասում է, որ, եթե չառանձնացնենք Բաքուն ու վերցնենք, նայենք Ադրբեջանն ընդհանուր առմամբ, ապա կյանքի որակը, սոցիալական պայմանները գրեթե նույնն են. «Դա, վստահաբար, տեսել են ադրբեջանցի լրագրողները, բայց չեն ուզում հենց դա մատուցել իրենց հանրությանը, այլ հակառակը՝ պատմում են այն մասին, որ իբր՝ Սևանից Դիլիջան տանող ճանապարհին որևէ ռեստորան կամ խանութ չեն տեսել, ինչը, վստահաբար, իրականությանը չի համապատասխանում: Ու դա գիտենք բոլորս: Կամ մտել են շախմատի դպրոց տեսել են հին վերանորոգում, հին հեռուստացույց: Եվ հոդվածում ֆիքսվել են դրա վրա՝ փորձելով ներկայացնել ամենամանրը, այն ամենն, ինչը բացասական է: Ու նույնիսկ չեն փորձել պատմել իրականության մասին»:
Սակայն Էլիբեկովայի համար այս ամենը սպասելի էր. «Հենց այդպես էլ պետք է լիներ, այսինքն՝ ի սկզբանե ադրբեջանցի լրագրողներից օբյեկտիվ պատկեր ներկայացնել չէր սպասվում: Մենք դա նրանց հետ շփվելիս անմիջապես զգացինք: Հակացանք, որ այստեղ այցելելու իրենց նպատակը՝ պարզ ու ազատ խոսելը չէր բնավ, այլ՝ իրենք եկել էին իրենց քարոզչությունը բավարարելու համար»:
Ադրբեջանագետը նաև պատմեց, որ Արցախում ադրբեջանցի լրագրողների վարքը փոխվել է. «Մենք ականատես եղանք սադրիչ գրառումներով նկարների՝ Քարվաճառից և Շուշիի մզկիթի մոտից, որը նրանք անվանում էին ադրբեջանական տարածք, իրենց հայրենիքի մի մաս և այլն»:
Էլիբեկովան ասում է, որ այդ ամենն իր համար անակնկալ չի եղել, քանի որ վստահ էր՝ անելու էին այն, ինչը միշտ են արել, գրել են այն, ինչը միշտ են իրենց հասարակությանը մատուցել:
Մեր այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ այդ այցը որևէ դեպքում վնասի Հայաստանին, Էլիբեկովան պատասխանեց, որ չի կարծում, թե այդ ծրագիրը էական վնաս տված լինի Հայսատանին. «Իրականում, օգուտ էլ չտվեց: Այստեղ խնդիրն այն է, որ իմաստային առումով, այն, ինչը, որ մենք տեսանք, այն պրոդուկտը, որը տալիս է ադրբեջանական կողմը, մասնավորապես, այցից հետո՝ որևէ աղերս չունի իրականության հետ: Հետևաբար, այդ բուն նպատակը, որը դրվել էր ճանաչողական այցի հիմքում, որպեսզի 2 հասարակություններն ավելի լավ իրար ճանաչեն, ավելի լավ իրար հասկանանա՝ ձախողվեց: Այդ նպատակը մնաց ուղղակի նպատակի մակարդակում և որևէ պրակտիկ օգուտ չտվեց, որովհետև ադրբեջանցի լրագրողները, այնուամենայնիվ, խուսափում են իրականության մասին խոսել և այն ներկայացնել: Հետևաբար, այո, արդյունավետության առումով անիմաստ էր նրանց այցը»:
Ադրբեջանագետը կարծում է, որ նման հնարավորության դեպքում, հայկական կողմը կարող է մասնակցել փոխադարձ այցերի, բայց կարևորն այն է, թե ինչ նպատակ է դրված. «Եթե նպատակն այն է , որ միջազգային հանրությանը ցույց տանք, որ այս կամ այն կերպ առնչվում ու շփվում ենք ադրբեջանցիների հետ, ապա դա ոչ մի բան չի տա, իսկ, եթե իսկապես կողմերը ուզում են երկխոսել, ապա ես տեսնում եմ, որ ադրբեջանական կողմը դրան, առնվազն, պատրաստ չէ, խաղաղությանը պատրաստ չէ և բաց ու ազատ խոսելու պատրաստ չէ: Հետևաբար, ես առանձնապես իմաստ, օգուտ այդ միջոցառումներից չեմ տեսնում և չէի տեսնում մինչև այդ էլ: Իսկ ադրբեջանցի լրագրողների հրապարակումները ևս մեկ անգամ հաստատեցին իմ այդ միտքը, որ պրակտիկ օգուտ չի լինի, քանի դեռ ադրբեջանական կողմը պատրաստ չէ բաց խոսելու»:
Հայաստան կատարած այցի մասին ադրբեջանցի լրագրողներից մեկի հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ:
Լուսինե Մարդոյան