Դատական համակարգում տիրող խնդիրների, սպասվելիք փոփոխությունների անհրաժեշտության, վեթինգ կիրառերու, ինչպես նաև Սահմանադրական դատարանի շուրջ հաստատաված ներկայիս անդորրի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց փաստաբան Արա Ղազարյանի հետ:

«Դատական համակարգում խնդիրներ շատ կան, բայց դրանց կարգավորումը Հայաստանում սկսվել է, առնվազն, 2007 թվականից, երբ դատական օրենսգիրքը ընդունվեց և ռեալ ռեֆորմներ սկսվեցին իրականացվել: Այժմ նոր իշխանությունները նոր էլեմենտներ են հաղորդում, օրինակ՝ վեթինգ: Թեև մեր խնդիրները այլ են, դատարանների ծանրաբեռնվածության նվազեցում, դատավորների թվի ավելացում, դատավորների աշխատավարձի բարձրացում: Չնայած խնդիրներին, բայց պետք է նկատել, որ դատական համակարգում ամեն օր էլ ինչ-որ բարեփոխումներ արվում են, օրենքներում անընդհատ լրացումներ են կատարվել, կառուցակարգեր մշակվել ու կիրառվել: Այնպես չէ, որ մինչև հիմա ոչինչ չի արվել»,- նշեց փաստաբանը:

Ղազարյանն ու իր գործընկերներից շատերը մեծ վերապահումով են վերաբերում վեթինգին, քանի որ, ըստ նրա՝ այսպես, թե այնպես, վեթինգը միջամտում է դատավորի անփոփոխելիության սկզբունքին. «Իհարկե, ինքնին չի խախտում, բայց միջամտում է և դա բավականին բարդ պրոցես է: Մոտ մեկ ու կես տարի է անցել, ինչ նոր իշխանություները սկսեցին այդ մասին խոսել, և մինչև հիմա մենք դեռ հայեցակարգ չունենք»:

Փաստաբանն ասում է, որ միակ հայեցակարգային կարևոր գաղափարը, որ ամրագրվեց այս մեկ ու կես տարում՝ այն է, որ վեթինգի նպատակը լինելու է ոչ թե ստուգել գիտելիքները, այլ՝ ստուգել բարեվարքությունը. «Դա նոր տերմին էր, որ մտավ մեր իրականություն. մենք դեռ պետք է հասկանանք նախ վեթինգը իրականում ինչ է և, որ ավելի բարդ է, թե ինչպես է այն իրականացվելու, բոլոր դեպքերում դա հանգեցնելու է խնդիրների: Ես վստահ եմ, որ մի մասը բողոքարկելու է, լինելու են դատեր»:

Նրա խոսքով՝ հենց այս կոնտեքստում ի հայտ կգան մի շարք խնդիրներ, օրինակ՝ մեր երկրում դատավորների թիվը երեք անգամ քիչ է պահանջվածից: Ինչը, ըստ փաստաբանի, լուրջ խնդիր կարող է դառնալ. «Պատկերացրեք, Եվրոպայի խորհրդի չափանիշներով՝ յուրաքանչյուր հարյուր հազար բնակչին միջինում պետք է բաժին ընկնի 21-24 դատավոր, մեր երկրում այդ ցուցանիշը 7-ն է, այսինքն՝ 3 անգամ քիչ դատավոր ունենք: Վեթինգի արդյունքում դատավորների մոտ 30 տոկոսը դուրս կգա դատական համակարգից»:

Մեզ հետ զրույցում նա նաև նշեց, որ չի կարծում, թե վեթինգի նպատակը օրինակ 10 դատավորից ազատվելն է. «Դատավորների թիվը, առանց այդ էլ, նվազ է, հիմա վեթինգ անելուց առաջ պետք է արդեն նախապատրաստած լինենք, առնվազն 2 -3 անգամ ավելի շատ թեկնածուներ, որ տեղը լրացվի: Բայց Արդարադատության ակադեմիան այդքան հնարավորություն չունի: Դա նշանակում է՝ 2-3 տարի առաջ արդեն պետք է սկսել ավելի շատ թեկնածուներ ընդունելը, պետք է ավելացնել ակադեմիայի ռեսուրսները մի քանի անգամ»:

Մեր այն դիտարկմանը, թե հնարավոր է հենց դատավորների քիչ լինելու պատճառով է, որ նոր նախագծով՝ դատավորի թեկնածուի հավակնողի տարիքը նվազեցվելու է և նախկին 28-ի փոխարեն լինելու է 25, փաստաբանը դժվարացավ հստակ պատասխանել՝ մասնավորապես նշելով, որ նախկինում տարիքային ցենզը 24 է եղել, հետո փոփոխվել է ու դարձել 28:

«Ժամանակին շատ քննադատվեց, այդ թվում և՝ միջազգային փորձագետների կողմից, ովքեր նշում էին, որ դատավորները նաև պետք է որոշակի կենսափորձ ունենան, այլ ոչ միայն գիտելիքներ: Ցավոք, հիմա դատավորի ստատուսը նվազեցվել է, դատավորի հեղինակությանը լուրջ հարված է հասցված մեր հասարակության մեջ: Այդ պատճառով մարդիկ չեն շտապում դատավոր դառնալ, բացի այդ, աշխատավարձը այդ աշխատանքի համար այնքան էլ բարձր չէ»,-ընդգծեց փաստաբանը:

Մեզ հետ զրույցում Ղազարյանն անդրադարձավ նաև Սահմանադրական դատարանի շուրջ տիրող լռությանը՝ մասնավորապե նշելով, որ տեղի ունեցավ այն, ինչ իրավաբանները բազմիցս ասում էին. «Միայն իրավական գործընթացներով պետք է հարցը լուծել, եթե իրենք ուզում են հարցը լուծել: Բայց իրականությունն այն է, որ իրավական գործընթաց էլ, որպես այդպիսին չկա: Առաջադրվեց ոչինչ չանել, ու այս հարցը թողնել այնպես, ինչպես կա: Այսինքն՝ դատավորները, ովքեր ընտրված են նախկին կարգով, պետք է շարունակեն պաշտոնավարել, քանի որ դա սահմանադրական նորմ է, օրենք է: Մինչդեռ, մասնագետները դեռ 1 տարի առաջ էին ասում, որ հանգիստ թողնեն Սահմանադրական դատարանը, որովհետև դատարանները պետք է անկախ լինեն Գործադիրից: Հիմա, եթե կա քաղաքական օրակարգ՝ ազատվելու Սահմանադրական դատարանի դատավորներից, դա պետք է իրականացվի իրավական գործընթացով, բայց իրավական ընթացակարգերը, հիմքերը այս պահին չկան: Նշանակում է՝ պետք է հրաժարվել այդ գաղափարից»:

Լուսինե Մարդոյան