Ընդդիմադիր Նիկոլը Փաշինյանը, քաղաքական իրոնիայի բերումով, ակտիվ գործող անձանցից էր թե՛ Էլեկտրիկ Երևանի, թե՛ ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած ցույցերի ժամանակ: Երկու դեպքերում էլ պատգամավորը հայտարարում էր, որ իշխանությունները հանցագործություն են գործել սեփական ժողովրդի հանդեպ՝ ուժ կիրառելով, իսկ Սարի Թաղի դեպքերը Փաշինյանը պատրաստվում էր պահել անձնական ուշադրության ներքո և բացատրություն պահանջել ոստիկանությունից: Նիկոլ Փաշինյանն էլ գրել էր. «Խստորեն դատապարտում եմ ոստիկանության ապօրինի գործողությունները խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ: Ոստիկանությունից պարզաբանում եմ պահանջում, թե ովքե՞ր էին քաղաքացիական հագուստով այն անձինք, որ ոստիկանների միջով անցան ցուցարարների շարքերը և սադրեցին բախումներ»:
Իշխանության գալով, սակայն, Փաշինյանը մոռացավ երբեմնի հայտարարությունները և անցավ սելեկտիկ արդարադատությանը. այն քրեական գործերը, որտեղ իր թիմակիցները չէին տուժել և որոնց բացահայտման արդյունքում վերջիններիս զոհի կարգավիճակում հանրության առջև չէին կանգնի՝ պարզապես ջրվեցին: Կարճվեցին և՛ էլեկտրիկ Երևանի, և՛ Սարի Թաղի քրեական գործերը: Փաշինյանին այլևս չի հուզում, թե ովքեր էին քաղաքացիական հագուստով այն անձինք, ովքերի սադրանքների միջոցով բախումներ հրահրեցին: Ենթադրենք, ժամանակին Փաշինյանը անկեղծ էր իր հայտարարություններն անելիս, երբ օրվա իշխանություններին հանցագործ էր հռչակում, սակայն հարց է առաջանում՝ իսկ ի՞նչն էր խանգարում Փաշինյանին բացահայտել այդ հանցագործներին, հատկապես, որ իր ձեռքում էր ողջ ոստիկանական համակարգը: Ընդդիմադիր Փաշինյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ իրեն խանգարում է միայն ու միայն Սերժ Սարգսյանը. խանգարողը, ինչպես ասում են, այլևս չկա: Սակայն, Հայաստանում դեռևս ընտրողաբար են մոտենում արդարադատության իրականացմանը, օրինակ, կարող են ջրել «Վեոլիա Ջրի» քրեական գործը, որով, ի դեպ, 7 պաշտոնյա կաշառակերության հոդվածով էին անցնում, իսկ այդ 7-ից մեկը այսօր բարձրաստիճան պաշտոնյա է:
Անգամ, եթե գործերը կարճվել են ոչ Փաշինյանի դաբրոյով, ինչը քիչ հավանական է, ապա պետք է հիշել, որ ինչքան էլ երկրի վարչապետը հայտատարում է, որ դատական համակարգը անկախ է, վարչապետը ուղղակի երաշխավորել է այդ մարմինների բնականոն գործունեությունը և ուղղակի պատասխանատու է, երբ այդ մարմիններում տեղի են ունենում որոշակի ոչ իրավաչափ գործառույթներ…