Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Սլովակիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 4-ին հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին: Այն մասին, թե ինչ արձանագրեց հանդիպումը, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ:
«Ոչ ես, ոչ էլ մեր հանրությունը նման հանդիպումներից մեծ ակնկալիքներ չունենք: Այդ ակնկալիքները կիսվում են այնպիսի հայտարարություներով, ինչպիսին որ անում է ադրբեջանական կողմը հանդիպումից առաջ: Խոսքս երեկ տարածված հայտարարություն մասին է, որոնք, իհարկե, չեն օգնում հարցի կարգավորմանը»,- ասաց նա:
Տարածված հայտարարությունների համաձայն՝ Ադրբեջանը չի բանակցում որևէ այլ գաղափարի կամ փաստաթղթի շուրջ, որը չի ներառում Արցախը և մնացած տարածքները, որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս. «Ադրբեջանցիները պնդում են, որ մինչև հայկական զորքերը դուրս չբերվեն Լեռնային Ղարաբաղից և այդտեղ չբնակեցվեն ադրբեջանցիներով, հայ-ադրբեջանական հարաբերություների կարգավորման մասին խոսք գնալ չի կարող: Մոտավորապես, այսպիսինն է Ադրբեջանի դիրքորոշումը: Այս ամենից հետո բանակցությունները դառնում են անիմաստ, որովհետև, ըստ էության, Ադրբեջանը իր կամքը թելադրում է և ուզում է, որ բանակցություները լինեն միայն իր օրակարգի շուրջ»:
Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանի այս քաղաքականությունը նման է վերջնագրի. «Նման իրավիճակում Ադրբեջանը միայն պահանջներ է ներկայացնում: Իսկ այն, ինչի մասին նրանք ուզում են խոսել՝ անվերապահ հայկական զորքերի դուրս բերելն է Արցախից: Սա ինձ համար անընդունելի է և կարծում եմ, որ բանակցությունները շարունակելը անիմաստ է»:
Միջազգայնագետը ընդգծեց, որ նման իրավիճակում հայկական կողմը, առնվազն, պետք է դադարեցնի բանակցությունները, քանի որ Ադրբեջանի նման մոտեցումը, ըստ էության, վերջնագիր է:
«Հայկական կողմը պետք է համապատասխան աշխատանք տանի, որպեսզի իր դիրքորոշումը ներկայացնի և բացատրի Մինսկի խմբի համանախագահներին: Ու ամենակարևորը՝ անմիջապես հայտնի, որ Արցախը չի եղել և չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:
Սարգսյանը հույս հայտնեց, որ հայկական կողմը նման հայտարարությամբ, այնուամենայնիվ, հանդես կգա. «Եթե Ադրբեջանն ասում է, որ Արցախը չի կարող լինել այլ կարգավիճակով, քան Ադրբեջանի կազմում, Հայաստանն էլ պետք է ասի, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը նախատեսված է 2020 թվականի տարեսկզբին. «Հարցն այն է, թե ինչո՞ւ է հայկական կողմը այսքանից հետո շարունակում բանակցել: Ադրբեջանը ակնհայտ պատերազմով է սպառնում և իր գործողություններով ցույց է տալիս, որ, եթե բանակցությունները չընթանանան իր նախընտրած ճանապարհով, ապա պատերազմելու է: Այսքանից հետո, չեմ հասկանում, թե հայկական կողմն ինչու է խաղաղասիրությամբ զբաղվում»: