Մինչև դեկտեմբերի 14–ը հանրության հետ կորոշենք և համայնքապետի միջոցով կհայտնենք վերջնական որոշման մասին։  Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9–ին, իր ֆեյսբուքյան էջում գրել է ջերմուկցի  ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը՝ անդրադառնալով Ջերմուկի բնակիչների,  փոխոստիկանապետի, Վայոց ձորի մարզպետի եւ Ջերմուկի համայնքապետի հետ այսօր կայացած հանդիպմանը։

Նա մասնավորապես գրել է.

«Ինչպես նախապես տեղեկացրել էինք նախատեսվող հանդիպման մասին, այժմ էլ տեղեկացնում ենք հանդիպման ավարտի և ընթացքի մասին։ Ջերմուկում տեղի ունեցավ ՀՀ փոխոստիկանապետի, ոստիկանապետի խորհրդականի, ոստիկանության այլ պաշտոնատար անձանց, մարզպետի, Ջերմուկի համայնքապետի և Ջերմուկ համայնքի տասից ավելի բնակիչների միջև հանդիպում։ Հանդիպման եկած պաշտոնատար անձինք մեզ շատ քաղաքակիրթ ձևով առաջարկեցին, որ Ամուլսարի մուտքերը բացենք և թույլ տանք որպեսզի Լիդիան ընկերությունը ձմեռացման աշխատանքներ իրականացնի։

Մենք՝ այդ պահին հանդիպմանը ներկա գտնվող բնակիչներս, ունենալով միևնույն կարծիքն ու դիրքորոշումը այդ հարցում, կտրականապես դեմ արտահայտվեցինք ։

 

Մենք դեմ ենք որևիցէ գործողության Ամուլասրի տարածքում և դա ոչ թե քմահաճույք է, այլ բազմաթիվ հիմնավորումներ ունեցող վերջնական որոշում ։

Միևնույն ժամանակ մենք ասացինք, որ այստեղ ներկա գտնվող քաղաքացիները ընտրվել են պատահականության սկզբունքով և մեր փոխարեն կարող էին Ջերմուկի ցանկացած այլ բնակիչներ գալ հանդիպման։

Մենք ունենալով անձնական դիրքորոշում, բայց և այնպես չենք կարող վերջնական պատասխան տալ այդ առաջարկին, քանի որ Ամուլսարը դա համայն հայության խնդիրն է, իսկ Ամուլսարի մուտքերի մոտ իրականացվող խաղաղ ակցիային մասնակից է գրեթե ողջ Ջերմուկ համայնքի բնակչությունը։

Այսպիսով մենք ձեռք բերեցինք համաձայնություն, որ կփորձենք կազմակերպել հանրային բաց քննարկում և բնակչության հետ միասին քննարկել և որոշում կայացնել այդ հարցի շուրջ ։

 

Ամոիլսարը ոչ միայն Ջերմուկ համայնքի, այլ ողջ խելամիտ հայության խնդիրն է։

Ուստի կարևորում ենք ձեր արձագանքը և դիրքորոշումը այս հարցում, գիտակցելով, որ մեր ցանկացած քայլի արդյունքում բոլորս միասին ենք լուծելու ստեղծված իրավիճակը։ Այսպիսով որոշեցինք, որ մինչև դեկտեմբերի 14–ը հանրության հետ կորոշենք և համայնքապետի միջոցով կհայտնենք վերջնական որոշման մասին։

Միևնույն ժամանակ ևս մեկ անգամ պնդում ենք, որ ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ։ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դեկտեմբերի 8–ին Ամուլսարի պոստեր էին այցելել Վայոց Ձորի Ոստիկանության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը, Ջերմուկի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանը և էլի ոստիկաններ։ Հանդիպման ժամանակ Գրիգոյանը առաջարկել է, որպեսզի թեկուզ հինգ օրով մուտք ապահովվի դեպի Ամուլսար ձմեռացման աշխատանքներ իրականացնելու համար, սակայն բնակիչները մերժել են առաջարկը հիմնավորելով, որ նախ անցյալ տարի կատարված ձմեռացումից հետո այնտեղ աշխատանքներ չեն իրականացվել և այնպես չէ, որ փաթեթավորված սարքավորումները պետք է վերափաթեփավորվեն։