Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար իրենց թեկնածությունն են առաջադրել ՀՖՖ առաջին փոխնախագահ, ՀՖՖ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմեն Մելիքբեկյանը, Խորհրդային Միության հավաքականի և Երևանի «Արարատ»-ի ֆուտբոլիստներից Խորեն Հովհաննիսյանը, «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը։

Ֆուտբոլասեր հասարակության ու մասնագիտական շրջանակներում բուռն քննադատության է արժանանում Արմեն Մելիքբեկյանի կողմից իր թեկնածության առաջադրումը:

«Ինձ մոտ հարց է առաջանում՝ մեկ տարվա ընթացքում ղեկավարած և ֆուտբոլի ֆեդերացիան, մեկ բառով ասած, կործանման հասցրած անձը ի՞նչ բարոյական իրավունքով է համարձակվում թեկնածություն դնել և հանձն առնել ղեկավարել մի բան, որի կործանման պատճառներից մեկն էլ հենց ինքն է»,- իր հարցազրույցներում նշում է ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը։ 

Նրա խոսքով՝ հայաստանյան ֆուտբոլը ներկայումս խայտառակ վիճակում է, այն երբեք այսպիսի վիճակում չի եղել․ «Դրա հիմնական պատճառը ֆեդերացիայի ղեկավար աշխատողների ոչ ճիշտ աշխատանքի արդյունքն է։ Ֆուտբոլի ձախողումը պայմանավորված է ոչ թե ՀՖՖ նախագահի, այլ նրա տեղակալների, մասնավորապես, Արմեն Մելիքբեկյանի անձով։ Նկատի ունենալով, որ Վանեցյանն իր աշխատանքային բնույթով այլ էր և չէր կարող ղեկավարել ֆեդերացիան, ապա առաջին մեղավորները նրա տեղակալներն էին»,- նշեց Բաղդասարյանը։ 

 

Սուրեն Բաղդասարյանն իր հարցազրույցներում մեջբերում է Արմեն Մելիքբեկյանի վերջին գործողություններից մեկը, որտեղ նա հաշվի չէր առել անգամ ազգային հավաքականի և ազգի պատիվը, երբ Հայաստանի հավաքականը պետք է գնար Իտալիայի հետ արտագնա հանդիպման, տեղակալները բոյկոտեցին և հավաքականի հետ չգնացին՝ պառակտելով ֆուտբոլային միջավայրը։ Ըստ Բաղդասարյանի՝ ղեկավար անձի կողմից հավաքականի համար կարևոր պահին նրա կողքին չլինելն, ուղղակի, դատապարտելի է․ «Նրանք կարող էին պառակտումը այլ ձևով դրսևորել, բայց խոսքը ազգային հավաքականի և ազգի պատվին էր վերաբերում, ի՞նչ իրավունք ունեին նման բան անելու։ Նրանք նշանակվել էին, որ ծառայեն ֆուտբոլին»,- ասաց շուրջ 50 տարի ֆուտբոլի ակունքներում կանգնած մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը:

Բաղդասարյանի խոսքով՝ ստացվում է այս 2 անձինք բռնազավթել են ֆեդերացիայի իշխանությունը, իրենք էին ղեկավարում և հիմա էլ նախապատրաստում են համաժողովը․ «Միայն մեր հանրապետությունում է հնարավոր նման բան։ Ինչպե՞ս կարող է Մելիքբեկյանը դնել իր թեկնածությունը և նախապատրաստել համաժողովը։ Ստացվում է՝ անհավասար պայմաններ են։ Ֆեդերացիան պետք է կեղծ սուբյեկտներից մաքրել, ինքը կարող է մաքրել այն սուբյեկտները, որոնք իրենց ձայն չեն տալու, և դա կարելի է որպես զենք օգտագործել»,- նշեց նա

 

Ֆուտբոլային մեկնաբանը վերհիշեց նաև դեռևս 2018թ․ սեպտեմբերին Արմեն Մելիքբեկյանի ու Արմեն Նիկողոսյանի՝ ՀՖՖ նախագահի տեղակալների պաշտոնում ընտրությունը, որն անցել էր կանոնների պահանջների խախտմամբ։ Ըստ նրա, համաձայն կանոնադրության՝ 36-րդ հոդվածի 2-րդ կետի, գործադիր կոմիտեի նախագահը, փոխնախագահներն ու մյուս անդամները ընտրվում են ժողովի կողմից սույն կանոնադրության 37-րդ հոդվածին համապատասխան։ Չնայած սրան, նրանք փոխնախագահներ չեն ընտրվել ՀՖՖ ժողովի կողմից, այլ՝ գործադիր կոմիտեի կողմից, որը նման լիազորություն չունի։ Ինչպես ասում է Բաղդասարյանը՝ այն ժամանակ ՀՖՖ նախագահ չընտրված տեղակալների անուններն արդեն հայտնի էին։ 

Անդրադառնալով թեկնածուներին՝ Բաղդասարյանն ասաց․  «Առաջադրված թեկնածուներից Խորեն Հովհաննիսյանի մասին խոսելիս ասում են՝ մեր լեգենդն է, ես էլ եմ համամիտ, բայց նա չի կարող ղեկավարել ֆեդերացիան, քանի որ ֆեդերացիան ղեկավարելու համար լավ մենեջմենթ, լավ կառավարիչ պետք է լինես։ Արմեն Մելիքբեկյանին խորհուրդ կտամ ընդհանրապես հանել իր թեկնածությունը։ Իսկ ՀՖՖ նախագահի պաշտոնում տեսնում եմ Թովմաս Գրիգորյանին, քանի որ նա բոլոր չափորոշիչներին համապատասխանում է»,- եզրափակեց Բաղդասարյանը։ 

 

 

 
SKIP
 
STOPPED