Ոստիկանության Կենտրոնական բաժնում «Արամյանց» բժշկական կենտրոնից դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13․15-ի սահմաններում, ահազանգ է հնչել, որ «կրծոսկրի և աջ ազդրի հարթ եզրերով վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 16-ամյա մի երիտասարդ։
Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, րոպեներ անց նա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից ևս հնչել է նույնաբովանդակ ահազանգ։ Արագ արձագանքած ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել թիվ 114 դպրոցում։ 11-րդ դասարանցիների միջև անհիմն ծագած վեճը հանգուցալուծվել է մասնակիցներից մեկի դանակահարությամբ։ Հանցագործության գործիքն ու կասկածյալը հայտնաբերվել են։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։