1992-ից մինչև 2018-ը Գրենլանդիայում սառույցի հալման արագությունը յոթ անգամ մեծացել է, հետևաբար, մինչև 21-րդ դարի վերջը կղզուց հալած ջուրը կարող է հանգեցնել Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման՝ 7 սանտիմետրով: Այսպիսի եզրակացության է հանգել Բևեռագետների միջազգային խումբը, որի ուսումնասիրությունը հրապարակվել է «Nature» գիտական ամսագրում:
Գրենլանդիայի սառույցների հալման մակարդակը որոշելու համար միջազգային 50 կազմակերպությունների 89 գիտնականներ վերլուծել են 30 տարվա արբանյակներից արված լուսանկարները և համեմատել կղզու ափամերձ հատվածում տեղի ունեցած փոփոխությունները: Այսպիսով, նրանք պարզել են, որ 1992-ից ի վեր Գրենլանդիան կորցրել է 3,8 տրիլիոն տոննա սառույց, ինչը համապատասխանում է ծովի մակարդակի 10,6 մմ բարձրացմանը:
Եթե 1990-ականների սկզբին ջրի մակարդակի բարձրացման մոտ 1 միլիմետրը համապատասխանում էր սառույցի հալմանը, ապա այժմ այդ ցուցանիշը 7 միլիմետր է, այսինքն՝ Գրենլանդիան այժմ 7 անգամ ավելի արագ է հալվում: