Այս պահին «Շիրակ կենտրոնին» հասցեագրված վառելափայտով բարձված մեքենան կրկին տարվել է ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին: Այս մասին հայտնում են «Շիրակ կենտրոն» ՀԿ–ից։
ՀԿ նախագահ Վահան Թումասյանը խնդրանքով դիմել է Հայաստանի իշխանություններին, ԱԺ պատգամավորներին եւ ՀՀ ոստիկանությանը՝ ներկայացնելով խնդիրը։
«Վառելափայտը օրինական ճանապարհով ձեռք բերելու բոլոր փաստաթղթերն առկա են: Ամեն օր ցրտահարության վտանգից սարսափած, հարյուրավոր ծայրահեղ աղքատ մարդիկ, տնակներում պատսպարված միայնակ տարեցներն ու մանկահասակ երեխաներով ընտանիքները վառելափայտ են աղերսում, բայց վառելափայտով բարձված մեր մեքենաները անհիմն պահվում են ոստիկանությունում:
Հիմա խնդրում եմ՝ կամ բացատրեք ոստիկաններին չխոչնդոտել վառելափայտի ներկրումը կամ մենք ստիպված կլինենք հրաժարվել դոմիկներում պատսպարված ընտանիքներին ձմռան վառելափայտի տրամադրման ծրագրից»,-նշել է Թումասյանը։