Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքում սպասվող փոփոխությունն օրերս ամենաշատը քննարկվեց սոցիալական կայքերում: Մարդկանց մեծ մասի մոտ ստեղծվել է տպավորություն, որ ոստիկանությունը գաղտնալսելու է իրենց՝ ներխուժելով իրենց անձնական տիրույթ ցանկացած պահի, ցանկացած իրավիճակում: Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել ԱԺ Իմ քայլը խմբակցության անդամ, ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից Արմեն Խաչատրյանն, ով առաջարկում է փոփոխել գործող օրենսդրությունը և հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունք տալ նաև Ոստիկանությանը:
Գործող օրենքով այդ իրավունքը վերապահվում է բացառապես Ազգային անվտանգության ծառայությանը: Նշենք, որ ստիկանությունն այս օրենքով էլ կարողանում է հեռախոսազանգերի վերահսկում իրականացնել' օրենքով սահմանված կարգով, այսինքն' անհրաժեշտության դեպքում դատարանի թույլտվությամբ:
Սակայն, գործն այդքանով չի ավարտվում. ոստիկանությունը դիմում է նաև Ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի վերջինս էլ տեխնիկական հնարավորություն տա, տրամադրի կապուղիներ, որոնցով էլ ոստիկանությունը կկարողանա գաղտնալսել: Արմեն Խաչատրյանի պնդմամբ' այս նախագծի բովանդակությունը Ոստիկանությանը տեխնիկական միջոց ու հնարավորություն տալն է, ուրիշ մեխանիզմ չի փոփոխվելու:
Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է ԱԺ Իմ քայլը պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ, պարզելու' արդյոք առաջարկվող փոփոխությունները խոցելի չեն դարձնում մարդու իրավունքները։
«Հասարակության մեջ թյուրըմբնում է առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ:
Պետք է հստակ իմանալ, որ առանց դատարանի թույլտվության չի կարող գաղտնալսվել ոչ ոք: Գործիքակազմ չի փոխվել, պետք է լինի հարուցված քրեական գործ: Բջջային օպերատորին պետք է ներկայացվի դատարանի որոշումը, նոր միայն հնարավորություն տրվի գաղտնալսվելու: Մարդկանց թվում է, թե յուրաքանչյուր պահի իրենց կարող են գաղտնալսել: Նախկինում էլ նույն կարգով, դատարանի թույլտվությամբ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը ԱԱԾ-ի թույլտվությամբ գաղտնալսում էին: Հիմա ինչ տարբերություն մեզ համար, թե մեզ որ շենքում են գաղտնալսում, մեկ է՝ հարկ եղած դեպքում լսելու են:
Ընդամենը ստեղծվում է հակակշիռների և զսպման մեխանիզմ, որովհետև, եթե, օրինակ բանը հասնի ԱԱԾ աշխատակցին լսելուն՝ նպատակահարմար չի, որ նույն ԱԱԾ-ն լսի իր աշխատակցին: Քննչական և օպերատիվ մարմինները պետք է լինեն մի քանիսը, նվազագույնը' երկու, որպեսզի մեկը մյուսին վերահսկի ու այդպիսով բացառվի որևէ կառույցի մենաշնորհային դիրքը որևէ գործառույթում»:
Մասնագիտությամբ իրավաբան պատգամավորը պնդեց նաև, որ մարդու իրավունքները չեն խախտվում, որովհետև գաղտնալսումն իրականացվում է միայն օրենքով սահմանված կարգով և հատուկ դեպքերում:
Աիդա Կիրակոսյան