«Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին որոշումը ՀՀ կառավարությունը հաստատեց դեկտեմբերի 12-ի նիստում: Այս որոշմամբ 72 քաղաքացի կմնա առանց աշխատանքի, ժամանակին նրանց միջին աշխատավարձը եղել է 65 հազար դրամ:

Տուն-ինտերնատում տիրող իրավիճակի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարուխանյանի հետ: Նա պատմեց, որ դեռ հոկտեմբերին ստեղծվել է աշխատողների շահերի պաշտպանության կոմիտե. «Տուն-ինտերնատի ներկայիս աշխատակիցները հնարավոր է առաջնահերթության սկզբունքով ունենան աշխատանք՝ պատասխանատվություն ստանձնած կառույցում: Բայց այդ ամենը տեղի է ունենում բանավոր զրույցի տեսքով, մինչդեռ կառավարության որոշումն արդեն կա: Ցավով պետք է նշեմ, որ մենք որևէ տեղեկություն չունենք ընթացող բանակցություների և աշխատանքային փոխհարաբերություների մասին, անգամ չգիտենք՝ այդ բանակցությունները ընթանում են, թե՝ ոչ»:

Ըստ որոշման՝ տուն-ինտերնատը չի գործելու հունվարի 1-ից, թեպետ Սարուխանյանը դժվարացավ դա հաստատել՝ նշելով. «Գործընթացները, որոնք պետք է նախորդեին լուծարմանը դեռ չեն սկսվել: Ենթադրում եմ՝ միայն այդ գործընթացը մոտ մեկ ամիս կտևի: Նույնիսկ չեմ կարող հաստատել, որ հունվարի մեկից չենք աշխատելու: Իրականում, այդպես չի կարող լինել, քանի որ մեզ մոտ հատուկ և շուրջօրյա խնամքի կարիք ունեցող մարդիկ են ապրում: Մեր հիմնարկը չի կարող չաշխատել՝ թեկուզ մեկ օր կամ մեկ ժամ»:

Սարուխանյանի խոսքով՝ տուն-ինտերնատի աշխատողներն ու խնամվողները սպասողական վիճակում են:

«Ամեն ինչ կախված է հետագա գործողություններից: Ընդհանուր մթնոլորտը հոռետեսական է, եթե անկեղծ՝ «լուծարում» բառը որևէ լավ բանի չի տրամադրում»,- խոսքն ամփոփելով ասաց նա: