«Գործ տվողը ինքն է։ Ամբողջ ժողովուրդը լավ գիտի, որ ես ոչ ոքի վրա գործ չեմ տվել։ Գործ տված լինեի` ես էլ Սերժի ընկերը կլինեի։ Ասում է՝ Սերժ Սարգսյանն իր ընկերն է։ Սերժի կողքերն ով կա, բոլորը գործ տվողներ են, նրա կողքը ո՞նց կարար գործ տվող չլիներ։ Ես ընդամենը ասում եմ՝ այս երկրում ով վատ բան է արել, ինչպես Հայրապետյանն ասաց թող տանեն խուցը նստացնեն, ուրեմն ինքն էլ թող գնա նստի»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը՝ պատասխանելով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ով երեկ՝ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ անդրադառնալով չարաշահումների վերաբերյալ Աղաբաբյանի հայտարարությանն ասել էր, թե «սուտ մատնություն է, հերթական անգամ այդ տխրահռչակ մարդու կողմից»:

«Ռուբեն Հայրապետյանը գլուխ է գովում, թե ՀՖՖ-ն է նախագահել, բայց ինքը բիզնես կենտրոնի նախագահ է եղել, իսկ ֆեդերացիան բիզնես կենտրոն չէ, ինչպես իր պատկերացումներն են։ 6-րդ վարչությունն իրենց տուն մտավ, բնականաբար «Հրազդան» և մյուս մարզադաշտեր ևս պիտի գնար, որտեղ ինքը գործ է արել, որ պարզեն՝ ինչեր է արել։ Ինչ-որ արել է՝ ինքն է արել, մենք կապ չունենք դրանց հետ, մենք դրա ակտերն ունենք, ընդամենը պետք է դրանցով նրա արածները ստուգեն։ 6-րդ վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարող մարմինն եկել, իր ակտերը ստուգել է, թերություն է գտել, թե՝ ոչ, ես ի՞նչ կապ ունեմ։ Կարո՞ղ է պիտի ասեինք՝ մի ստուգեք»,- ասաց Աղաբաբյանը։

 

 

Նա պատմեց, որ դեռևս 2012թ․ Իտալիայի խաղի ժամանակ «Հրազդան» մարզադաշտը ֆեդերացիայի հետ պայմանագիր է ունեցել, որ ազգային հավաքականը 20 տարով պետք է անվճար խաղա մարզադաշտում․ «Դրա համար իրենք ներդրումներ են արել։ Այսինքն՝ դաշտի խոտածածկը տեղափոխել են այլ տեղ, նոր խոտածածկ են դրել, հանդերձարանները վերանորոգել են, որոշ բաներ ինձ մոտից է դրվել, որի համար ներդրում չի արվել։ Ընդհանուր հատկացված գումարը կազմել է 715 մլն դրամ, որից 280 մլն դրամի չափով ակտերն ունենք, որ շինարարություն են արել։ Նույն ակտերն իրենք էլ ունեն, նաև 6-րդ վարչությունը ֆեդերացիայից է վերցրել»,- ասաց Աղաբաբյանը՝ ընդգծելով փաստը, որ այստեղ չարաշահումներ են իրականացվել։ 

Ավելի վաղ տեղեկացրել ենք՝ մամուլի հրապարակումներից մեկի համաձայն՝ ՀՖՖ-ում իրականացված շինարարության ընթացքում ծախսված գումարների մասով քննություն է իրականացվել, և իրավապահները բացահայտել են, որ 2010 սեպտեմբերի 6-ին` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ, Հրազդան մարզադաշտում իրականացված վերանորոգման աշխատանքների համար ՀՖՖ-ին հատկացված 2,7 մլն դոլար գումարները յուրացվել են:

 

«Պետբյուջեի՞ց»,- զարմացել էր Հայրապետյանը: «Ուղղակի ծիծաղելի է: Մեկ ամիս առաջ հայտարարություն եղավ Աղաբաբյան Աշոտի վերաբերյալ, որն իրեն Բուռնաշ է հռչակել: Այդ անձնավորությունը կեղծ մատնություն է արել»,- ասաց ՀՖՖ նախկին նախագահը, հավելելով,  որ եթե չապացուցվի, որ Աշոտ Աղաբաբյանի հայտարարությունը, ուրեմն պետք է կեղծ մատնության համար քրեական գործ հարուցվի նրա դեմ: «Նա մեղադրել է ինձ այն բանի մեջ, որ ՈՒԵՖԱ-ն Հրազդան մարզադաշտին Իտալիայի խաղից առաջ գումարներ է հատկացրել, և ես այդ գումարները յուրացրել եմ: Ամբողջ աշխարհը գիտի, և բոլորի ծիծաղն է գալիս, որ ՈՒԵՖԱ-ն երբևէ որևէ մասնավոր կամ պետական կառույցի գումար չի հատկացնում: Աշխարհն էլ, որ շուռ գա, ՈՒԵՖԱ-ն, բացի իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից որևէ մեկին գումար չի հատկացնում»:

 Սոնա Հարությունյան