Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջեֆ Ջիակոմինիին և հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանին, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության լրատվական ծառայությունից։
Նախարար Էրիկ Գրիգորյանն ու Ջեֆ Ջիակոմինին քննարկել են համատեղ ծրագրերի արդյունքները։ Պարոն Ջիակոմինին իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում կատարված ու ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։
Նախարար Գրիգորյանը հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանի կառավարությունն էականորեն ավելացրել է անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքների ֆինանսավորումը, իսկ հաջորդիվ՝ խոշորածավալ ծրագրեր են նախատեսվում անտառվերականգնման ոլորտում։
Ջեֆ Ջիակոմինին տեղեկացրել է նաև, որ Կովկասի բնության հիմնադրամը 2020 թվականին Հայաստանին կտրամադրի շուրջ 900․000 եվրո դրամաշնորհ։ Գումարը հիմնականում կուղղվի բնության հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցների աշխատավարձերի հավելավճարներին և այլ ընթացիկ ծախսերի համաֆինանսավորմանը։