Անհայտ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն և խառնաշփոթ իրավիճակ ստեղծել այնտեղ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց տեղեկացրեց թերթի քաղաքական լրագրող Սոնա Գրիգորյանը։

«Երբ առավոտյան 10-ին խմբագրության լրագրողներից մեկը մտել է խմբագրություն, տեսել է՝ խմբագրությունը տակնուվրա է արված, դարակները բաց են, քարուքանդ արված: Բացի այդ, մտել են նաև խմբագրի աշխատասենյակ, դարակները բացել, թերթերն ու թղթերը տարբեր կողմ են նետել։ Մեր խմբագրությունը 2-րդ հարկում է գտնվում, կարելի է ենթադրել, որ հենց այդպես են մուտք գործել ներս, որովհետև պատշգամբի դուռն է բաց և պատուհանը»,- փոխանցեց Սոնա Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ խմբագրություն ներխուժած անհայտ անձինք ամենայն հավանականությամբ ինչ-որ բան են փորձել փնտրել․ «Սակայն որևէ տեխնիկա, համակարգիչ գողացված չէ։ Տեղեկություն չունենք՝ համակարգիչները միացվել են, թե ոչ»,- նշեց լրագրողը:

Նա նշեց՝ խմբագրությունը դիմել է ոստիկանություն, ահազանգի հիման վրա խմբագրություն են այցելել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբի մասնագետները, այս պահին խմբագրությունում են գտնվում նաև ԱԺ մի խումբ պատգամավորներ՝ Նաիրա Զոհրաբյանը, Սաթիկ Խանդանյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արման Բաբաջանյանը, «Ժողովուրդ»-ի հիմնադիր-խմբագիր Թագուհի Հովհաննիսյանը և այլք։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն օրերս կրկին հարցաքննվել էր Մարտի 1-ի գործով որոշ պաշտոնատար անձանց ցուցմունքները հրապարակելու թեմայով հարուցված քրեական գործի շրջանակում: ՀՔԾ-ն լրագրողից պահանջում է աղբյուր բացահայտել, սակայն նա հրաժարվել է: Ըստ տեղեկությունների՝ նաև գաղտնալսվել է լրագրողի հեռախոսն ու վերծանվել են հեռախոսազանգերը: