Այսօր ՀՀ վարչապետ Փաշինյանի որոշմամբ, Հանրային խորհրդի նախագահ նշանակվեց քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանը: Վարչապետի որոշման, Հանրային խորհրդում տիրող իրավիճակի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Հանրային խորհրդի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանի հետ: 

«Ես զարմանում եմ օրենքի այն կետի վրա, որով Հանրային խորհրդի անդամները իրավուք չունեն թեկնածու առաջարկելու: Արդյունքում՝ խորհրդի նախագահի նշանակումը ամբողջովին պատկանում է կառավարությանը և վարչապետին: Այս պարագայում՝ իշխանությունները ցանկանում են ղեկավար բոլոր պաշտոններում, անկախ նրանից  դա պետական հաստատություն է, թե ոչ, ունենալ այն անձանց, ովքեր ակնհայտ արտահայտել են իրենց ամբողջական հաձայնությունը ներկա իշխանություններին»,-նշեց Ալավերդյանը:

Նա ասաց, որ Ստյոպա Սաֆարյանի հետ 5 տարի աշխատել է «Ժառանգություն» խմբակցությունում: Բարձր է գնահատում նրա վերլուծական ունակությունները.«Բայց բացասական էլ պետք է ասեմ, որ ինձ վերին աստիճանի զարմացրել է այն միջադեպը, որը տեղի է ունեցել լրագրողների հետ իր ղեկավարած կազմակերպության տարածքում»: 

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ՄԱՀՀԻ-ում տեղի ունենալիք «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկումը Սաֆարյանը չէր ցանկացել տեսնել որոշ լրատվամիջոցների՝ այդ թվում՝ news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու Երկիր մեդիա հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին: Արդյունքում՝ միջադեպը բուռն քննարկումների և դժգոհությունների առիթ դարձավ:

Մեր այն հարցին, թե տիկին Ալավերդյանը կշարունակի՞ արդյոք մասնակցել Հանրային խորհրդի քննարկումներին նա պատասխանեց, որ դեռ հոկտեմբերին որոշել էր լքել խորհուրդը.«Գործընկերներիս հետ որոշ քննարկումներից հետո որոշվեց, որ մնամ: Եկան այն եզրակացության, որ չշտապենք նման որոշում կայացնելուց առաջ: Կարծում եմ՝ նոր տարում կհրաժարվեմ Հանրային խորհրդի անդամ լինել: Հաջողություն եմ մաղթում Սաֆարյանին: Մնացածը ժամանակը ցույց կտա»: