Աչաջուր գյուղում բնակվող16-ամյա Գևորգը երեկ տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։ Աչաջուրի համայնքապետ Կարեն Ղալթախչյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ որոնողական աշխատանքներն այս պահին էլ շարունակվում եմ:
«Երեկ է տանից դուրս եկել՝ առանց բաճկոնի ու հեռախոսի: Իրենց տան մոտ այգի ունեն, երևի ցանկացել է այգի գնալ, բայց թե հետո ինչ է եղել՝ դեռ չգիտենք»,-ասաց նա:
Ղալթախչյանի խոսքով՝ տղան նորմալ ընտանիքից է, առողջական խնդիրներ չունի և նախկինում նման վարք չի դրսևորել:
Նրա խոսքով՝ Գևորգը նորմալ երեխա է, հաճախում է դպրոց։ Գևորգի դասընկերները ևս իրենց ընկերոջն են փնտրում։ Տղայի անհետացման դրդապատճառի հետ կապված համայնքապետը հստակ որևէ բան չասաց:
«Վստահ կարող եմ ասել, որ այս պահին էլ շարունակվում են որոնողական աշխատանքները: Ոստիկանները, փրկարարները, գյուղապետարանի աշխատողները, ընկերներն ու հարազատները Գևորգին են փնտրում: Հուսանք՝ նրան շուտով առողջ կգտնենք: Բոլորս շատ անհանգիստ ենք»,- ընդգծեց համայնքի ղեկավարը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին ժամը 02։11-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում երեկ ժամը 17։00-ի սահմաններում, գյուղի բնակիչ Գևորգ Մ.-ն տանից դուրս է եկել դեպի այգի և չի վերադարձել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։