Հայաստանում սուբվենցիոն ծրագրերով' պետության և համայնքի համաֆինանսավորմամբ այս տարի շուրջ 16 համայնք գազաֆիկացվել է:
Այս մասին իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ն մշտապես եղել է ամենագազաֆիկացված երկրներից մեկը, սակայն հստակ է, որ մեր համայնքների մի զգալի հատված և, մասնավորապես, անտառամերձ հատվածները զուրկ են գազաֆիկացումից: Եվ չնայած նրան, որ կառավարությունն առավել միտված է այլընտրանքային էներգիայի աղբյուրների վրա շեշտադրումը կատարել, այնուամենայնիվ, համայնքների' գազաֆիկացման ցանկությունը անտարբերության չի մատնվել: Եվ շուրջ 16 համայնք սուբվենցիոն ծրագրերով համաֆինանսավորել ենք»,-ասաց նախարարը:
Պապիկյանը շեշտեց' փողոցային լուսավորության համակարգի կառուցումը համայնքներում ևս հայտնի է: Եվ շուրջ 58 համայնքներում կատարվել է էներգախնայող լուսավորության համակարգի ներդրում: