Վերջին մեկ տարվա ընթացքում հայկական մամուլի ուշադրության կենտրոնում էին նոր իշխանությունների ներկայացուցիչները, որոնք պարբերաբար հայտնվում էին սկանդալային պատմությունների կիզակետում: Շարունակելով Նոր Հայաստանի մարզպետների թեման՝ այսօր անդրադառնանք Կոտայքի և Տավուշի մարզպետներին և նրան, թե ինչ սկանդալային պատմությունների մեջ են հայտնվել վերջիններս՝ իրենց ղեկավարման ամիսներին: Հատկապես շատ էին հրապարակումները՝ կապված Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի գործունեության հետ: Մասնավորապես, մամուլը գրում էր, որ Պետրոսյանը Հրազդանի ԲԿ-ում որպես «վերահսկիչ» նշանակել է իր մորաքրոջ որդուն: Նրա աշխատանքը կայանում է նրանում, որ հիվանդներից հարց ու փորձ է անում՝ հիվանդները բուժքույրերի կամ բժիշկների գրպանը փող դրել են, թե՝ ոչ: Դրանից հետո հրապարակվեց տեղեկություն, որ մարզպետը յուրաքանչյուր ամիս պարգևավճար է ստանում և չի համարում դա առանձնակի ճոխություն:
Մեկ այլ հրապարակման համաձայն՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր թեկնածուին է ցանկացել նշանակել ՋՕԸ պետի պաշտոնակատար, սակայն գյուղացիները դիմադրել են, ծեծկռտուք է սկսվել, ծեծկռտուքին մասնակցած անձն էլ մարզպետի մորաքրոջ տղան էր: Այս տեղեկությունը մարզպետարանը հերքել է: Պետրոսյանի հետ եղան նաև ներթիմային ռազբորկաներ, կապած Աբովյան քաղաքում կայացած ընտրությունների հետ: Սասուն Միքայելյանը Պետրոսյանին մեղադրեց թիմային շահերը մի կողմ դնելու, սեփական ազդեցության տիրույթը մեծացնելու անթաքույց ցանկության մեջ և հենց Պետրոսյանի գործոնով պայմանավորեց իշխանությունների պարտությունը Աբովյանում:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հարաբերականորեն վերջերս է ստանձնել պաշտոնը, սակայն արդեն իսկ հասցրել է հայտնվել մամուլի էջերին՝ ոչ այնքան դրական առումով, մյուս կողմից պետք է նշել, որ չկան Տավուշի մարզպետի անվան հետ կապվող բացահայտ սկանդալային դրվագներ, ինչը անշուշտ միայն ուրախացնում է: Սակայն, մի քանի դրվագներում Չոբանյանը, այնուամենայնիվ, աչքի է ընկել: Հուլիսի 17-ին Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել էին միջպետական ճանապարհը: Ցուցարարների մոտ էր եկել նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նա փայտի օգտագործման պայմաններից բացի, անդրադարձել էր նաև աշխատատեղերի հարցին: «Վաղը առավոտյան մեր կայքում հայտարարություն կբացվի, վաղվա համար, առնվազն, 50 աշխատատեղ՝ 8 հազարից 15 հազար դրամ օրական, ինչ աշխատանք ա, ինչ ա իրենից ներկայացնում: Յուրաքանչյուրդ կարող եք գալ մարզպետարան և այդ աշխատանքի առաջարկը ստանալ ու գնալ աշխատել»,- ցուցարարների հետ զրույցում ասել էր Հայկ Չոբանյանը: Սակայն մարզպետարանի կայքում այդպես էլ չհայտնվեց օրական 8-15 հազար դրամ աշխատավարձով, առնվազն, 50 աշխատատեղի մասին մարզպետ Չոբանյանի խոստացած հայտարարությունը:
Մյուս դրվագը կապված է Տավուշի մարզում, այսպես կոչված, փայտի մաֆիայի գործունեության հետ: Չոբանյանը հայտարարել էր, որ այդ մաֆիան, այն մարդիկ ովքեր ծառ են կտրում՝ վանդալիզմի ակտ կատարելով, պետք է հայտնաբերվեն ու խստագույն պատժի արժանանան: Սակայն անգամ դրանից հետո մամուլում եղան հրապարակումներ, որ փայտի մաֆիա կոչվածը առանց որևէ խոչընդոտի շարունակում է իր սև գործը և շատերը անգամ տեսան այստեղ մարզպետարանի դաբրոն: