NASA-ի աստղագետները, «Հաբլ» տիեզերական աստղադիտակի օգնությամբ, հաստատել են նոր դասի մոլորակների գոյությունը, որոնք Արեգակնային համակարգում անալոգներ չունեն, հաղորդել է Business Insider պարբերականը:
Նշվում է, որ 2600 լուսային տարվա հեռավորության վրա Կարապի համաստեղության Kepler-51 աստղային համակարգում երեք էկզոմոլորակներ են հայտնաբերվել: Չափերով դրանք համեմատելի են Յուպիտերի և Սատուրնի հետ, բայց դրանց զանգվածը հարյուրավոր անգամ պակաս է: Դա պայմանավորված է այդ մոլորակների խտությամբ. այն կարելի է համեմատել քաղցր բամբակի հետ: Գիտնականները մոլորակների նոր դասը super-puff են անվանել:
Մինչ այժմ աստղագետները գիտեին մոլորակների միայն երեք տեսակների մասին՝ երկրային, ինչպիսիք են Երկիրը և Մարսը, սառցե հսկաները (Նեպտուն) և գազային հսկաները (Յուպիտեր): Հնարավոր է, super-puff-երն իրենցից ներկայացնում են մոլորակների անցումային փուլը. եթե այդպես է, ապա Kepler-51 համակարգը եզակի լաբորատորիա կդառնա գիտական տեսությունների ստուգման համար:
«Բամբակյա» էկզոմոլորակների տարօրինակությունները հասկանալու համար գիտնականներից մի քանի տարի է պահանջվել: Ենթադրաբար, բոլոր երեք հսկաները բաղկացած են ջրածնից և հելիումից, և շրջապատված են մեթանի շերտով: Ըստ կազմի այն շատ նման է Տիտանի մթնոլորտին, որը Սատուրնի արբանյակներից է: