2019 թվականին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը պատվով է իրականացրել իր առաքելությունը' ապահովելով մեր երկրի սահմանների պաշտպանությունը և հայրենի հողի վրա մեր ժողովրդի խաղաղ արարելու իրավունքը: Այս մասին ասվում է ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ամանորյա ուղերձում:
«Սիրելի զինակիցներ,
Հարգելի հայրենակիցներ
Ի սրտե շնորհավորում եմ բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների կապակցությամբ: Վստահ եմ, որ նոր տարին դիմավորելու ենք բարձր տրամադրությամբ և ծառայողական բնագավառում նոր հաջողությունների հասնելու պատրաստակամությամբ:
Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ծառայողական պարտականությունների կատարման բերումով Ամանորի գիշերը հեռու են գտնվելու իրենց ընտանիքներից: Շնորհավորում եմ մեր նահատակված զինակիցների բոլոր հարազատներին: Մաղթում եմ տոկունություն և անսպառ հաջողություններ ձեր բոլոր ձեռնարկումներում:
2019 թվականին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը պատվով է իրականացրել իր առաքելությունը' ապահովելով մեր երկրի սահմանների պաշտպանությունը և հայրենի հողի վրա մեր ժողովրդի խաղաղ արարելու իրավունքը:
Ամփոփելով 2019 թվականը' կարող ենք վստահորեն արձանագրել, որ տարին առանձնացել է լարված ու տքնաջան մարտական պատրաստությամբ: Զինծառայողների մարտական վարպետության աստիճանը բարձրացնելու նպատակով ներդրվել են նոր մոտեցումներ, որոնց արդյունավետությունը ապացուցվել է և՛ զորավարժությունների, և՛ մարտական հերթապահության ընթացքում:
Շարունակվել է բանակի սպառազինության և ռազմական տեխնիկայի նորացումն ու արդիականացումը: Այս ուղղությամբ նշանակալի ձեռքբերումներ է գրանցել հայրենական ռազմական արդյունաբերությունը: Ռազմաարդյունաբերական համալիրի մշակած նմուշները փորձարկվել են մարտականին առավելագույն մոտ պայմաններում' ցուցաբերելով բարձր արդյունքներ:
Լուրջ աշխատանք է կատարվել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Իրականացվել է մեծածավալ շինարարության: Բանակային ենթակառուցվածքի նորակառույց տարրերը էապես բարելավել են ծառայության պայմանները' զինծառայողներին հնարավորություն տալով կենտրոնանալ բացառապես ծառայողական խնդիրների կատարման վրա:
Ամրապնդվել են օրինականությունն ու կարգուկանոնը, զգալիորեն նվազել արտակարգ պատահարները:
Սիրելի հայրենակիցներ
Հաջողությունները շատ են, սակայն շատ են նաև առաջիկա տարվա համար նախատեսված անելիքները: Բանակային բոլոր ոլորտներում իրականացվող աշխատանքների առաջնահերթությունը շարունակվելու է մնալ նույնը' ապահովել հայրենիքի սահմանների հուսալի պաշտպանությունը: 2020 թվականին ևս կարևորվելու են գիտելիքն ու նոր տեխնոլոգիաները, որոնց զուգակցումը նոր որակ է հաղորդելու բանակի մարտունակությանը, ինչն իր հերթին երաշխավորելու է առաջադրված բոլոր խնդիրների կատարումը: Մեր ուշադրության կենտրոնում շարունակելու է մնալ զինծառայողը: Արվելու է ամեն ինչ նրա արժանապատիվ կենցաղն ու արդյունավետ ծառայությունն ապահովելու համար:
Վստահ եմ, որ 2020 թվականը լինելու է նոր նվաճումների, նոր հաջողությունների, նոր ձեռքբերումների տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»,-ասվում է ուղերձո