Ճապոնացի մասնագետները ավարտել են Էջմիածնի հնագիտական կտորների վերականգնման վրա տարվող աշխատանքները:

Ինչպես հայտնի է, ճապոնացի ռեստավրատորները Հայաստան են ժամանել 4 տարի առաջ: Ծագող արևի երկրի մասնագետների երկարատև գործուղումը կապված է հայ-ճապոնական համատեղ նախագծի հետ: Բոլոր այս տարիներին փորձագետները սեմինարներ են անցկացրել հայ ռեստավրատորների համար, ովքեր զբաղվում են Հայաստանի տարբեր թանգարաններում և, մասնավորապես, Էջմիածնում պահվող կտորից իրերի վերականգնմամբ:

Այդ սեմինարների շնորհիվ հնագիտական տեքստիլի վերականգնման հմտություններ ձեռք բերեցին 20 հայ մասնագետներ: Հայ գործընկերները ճապոնացի վարպետներից սովորել են հնագիտական տեքստիլի ուսումնասիրության ժամանակակից տեխնիկաները, նյութի գրանցումը, պեղումների արդյունքում տվյալների արդյունքների վերլուծություն: Առանձին դասընթացով ուսումնասիրել են աշխատանքների ոչ պակաս մի փուլ ևս՝ հնագիտական կտորների լվացում, չորացում ու պահեստավորում, որը պետք է շատ գրագետ կատարել՝ չկորցնելով նախնական հումքը:

Ճապոնացի վերականգնող Միե Իշին դասընթացավարն է: Նա նշել է, որ Հայաստանում գտնվելու 4 տարիների ընթացքում ուսանողները ուսումնասիրել և մշակել են նաև բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ կտորների վերականգնման նոր սխեմաներ: Ի դեպ, հայ գործընկերների հետ համատեղ տարված աշխատանքների արդյունքում վերականգնվել է 15-րդ դարի խաչվառը, որը 2018թ. սեպտեմբերին ցուցադրվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում «Հայաստան» ցուցահանդեսի ժամանակ:

«Էջմիածնի հնագիտական տեքստիլը համաշխարհային ժառանգություն է, իսկ օգնել վերականգնել ու պահեստավորել համաշխարհային ժառանգության նմուշները՝ նշանակում է՝ պահպանել համամարդկային սեփականությունը»,- շեշտում է Միե Իշին:

Ճապոնացի մասնագետն իր հիացմունքն է հայտնել Էջմիածնի թանգարաններում պահվող մետաքսյա ու այլ կտորների հանդեպ, որոնք ասեղնագործության տարրեր են պարունակում, լրացված են թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերով:

Այս փուլում հայ և ճապոնացի վերականգնողների համագործակցությունն ավարտվում է: Վերջերս Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան եղել է Էջմիածնում,  հանդիպել է արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանի և Էջմիածնի թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանի հետ: Ճապոնիայի դեսպանի հետ հանդիպման արդյունքներով՝ հայ-ճապոնական հետագա մշակութային համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել:

 

Հրապարակման պատրաստեց 168.am-ը