ԱՄՆ-ն մեծացնում է իր ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո: ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հավանություն է տվել լրացուցիչ 3 հազար զինծառայող տարածաշրջան ուղարկելու ծրագրին: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:

ԱՄՆ այս քայլն արվում է անվտանգության նկատառումներով՝ պայմանավորված տարածաշրջանում ամերիկյան ուժերի համար աճող վտանգով:

Տարածաշրջան կուղարկվեն 82-րդ օդադեսանտային դիվիզիայի ուժերը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։