«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ նշելով, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով) և 254-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը):
Հիշեցնենք՝ հունվարի 3-ին «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։
Անդրադառնալով սրան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար: Լուրի հեղինակները եւ նրանց շարժառիթները պետք է պարզվեն»։
Հունվարի 5-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջը վարողի ինքնությունը, որը բերման էր ենթարկվել, տվել խոստովանական ցուցմունք եւ ձերբակալվել։