Հունվարի 3-ին  Բաղդադի  միջազգային օդանավակայանի  մերձակայքում ամերիկյան օդուժի հարվածով սպանվեց  Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ  Սոլեյմանին։ 

Հարված հասցնելու կարգադրությունը տվել էր անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իրանը խոստացավ հակահարված տալ, Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար հատուցման օպերացիան չուշացավ: Իրանից հրթիռներ արձակվեցին Իրաքի արևմուտք, որտեղ տեղակայված էր ԱՄՆ բանակի զորակազմը:

«Թրամփը նպատակներ ունի, և այդ նպատակի համար սկսվեց այս պատերազմը», -ասում է  ՀՀ ԱԳՆ նախկին փոխարտգործնախարար Արման Նավասարդյանը:

«Թրամփը շատ հետաքրքիր քաղաքական գործիչ է, ում լուրջ չեն ընկալում հաճախ, բայց նա անում է այն, ինչ ասում է:  Թրամփի այս քայլը կոնկրետ նպատակներ ունի, առաջիկա ընտրություններում այս քայլից գոհացած հասարակ ամերիկացիները կքվեարկեն Թրամփի օգտին, սակայն նույնը չեմ ասի բուրժուական ինտիլիգենցիայի մասին, ովքեր հիմնականում դեմոկրատներն են»:

Նավասարդյանի խոսքով Թրամփն անում է այն, ինչ չարեցին Օբաման և մյուս նախագահները:

«Նա առևտրականի հոգեբանությամբ է շարժվում, նա դուրս է գալիս այն տարածաշրջանից, որում անընդհատ փորձում էին մնալ իր նախորդները: Կարևորն այն է, որ ինքը դրանից վնաս չի կրի: Այո, նա հայտարարեց, որ ԱՄՆ-ն Միջին Արևելքի նավթի կարիքը չունի և ճիշտ ասաց ԱՄՆ-ն այժմ նավթի և բնական գազի թիվ մեկ արտադրողն է աշխարհում»:

Անդրադառնալով Թրամփի երեկվա հայտարարությանը՝ Նավասարդյանն ասաց, որ պարզ է՝ մեծ առճակատում չի լինելու, 3-րդ համաշխարհային պատերազմ չի սկսվելու: Խոսեց նաև տարածաշրջանային լարված իրավիճակում Հայաստանի դերի և մեզ սպառնացող վտանգների մասին:

 

«Հայաստանն այդպես էլ չսովորեց դիվանագիտություն վարել, ճիշտ կողմնորոշվել իրավիճակում ու ռեսուրսներն օգտագործել ի շահ մեզ: Մի Քիմ Քարդաշյանը ավելի շատ բան կարող է անել, քան ՀՀ ԱԳՆ-ն: Տարբեր իրավիճակների համար մենք  սցենարներ պետք է ունենանք, որ ժամանակ չկորցնենք արձագանքի վրա: Եթե ԱԳՆ-ն արագ արձագանքեր, մենք ապատեղեկատվության դեմ պայքար չէինք մղի»:

Եզրափակելով խոսքը՝ Նավասարդյանը պնդեց, որ Հայաստանը շատ շանսեր ուներ Իրան-Ադրբեջան հարաբերությունների մեջ սեպ խրելու, ամենահարմար առիթն էր, որը կարծես կրկին չօգտագործվեց ՀՀ-ի կողմից: