Արդեն հայտնել էինք, որ «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Պետական եկամուտների կոմիտեն մտել է ՀՀ փաստաբանների գրասենյակներ և ստուգում է փաստաբանների գործունեությունը՝ փորձելով պարզել, թե վերջիններս ինչ աշխատանքներ են արել, ինչ գործեր են քննել, ում շահերն են պաշտպանել եւ այդ ծառայությունների դիմաց որքան գումար են ստացել:
Տեղեկատվության մանրամասներն ու իրականության մոտ լինելը պարզելու համար ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց փաստաբան Արա Ղազարյանի հետ:
«Դժվար թե այնպես լինի, որ ՊԵԿ-ը այցելի փաստաբաններին կամ Փաստաբանական գրասենյակներ: Որոշ դեպքերում ՊԵԿ-ը ուսումնասիրելով Դատական տեղեկատվական համակարգը, տեսնելով, որ փաստաբանը ներկայացնում է ինչ-ինչ ծառայությունների դիմաց փոխհատուցման դիմում, ստուգում է և, եթե տեսնում է, որ այդ ծառայություների դիմաց հարկային մուտքեր չկան, ապա գրություն է ուղարկում փաստաբանին՝ խնդրելով ներկայացնել բացատրություն հնգորյա ժամկետում»,- ասաց փաստաբանը:
Ղազարյանի խոսքով՝ այդ ամենը նորմալ վարչարարություն է. «Բայց, որ ՊԵԿ-ը այցեր կատարի և այլն, ապա դա ճշմարտությանը մոտ չէ, քանի որ նման ընթացակարգ չկա»:
Փաստաբանը նաև նշեց, որ իր մոտ նման ստուգումներ երբեք չեն եղել. «Թեպետ ընթացակարգն այնպիսին է, որ նախ ՊԵԿ-ը ծանուցում է ուղարկում խնդրի վերաբերյալ՝ խնդրելով ներկայացնել բացատրություններ»:
Նմանատիպ գրություն վերջին ժամանակներում ես չեմ ստացել. «Թեպետ մեկ անգամ նման դեպք եղել է: Հաշվապահը բացատրությունը գրեց և վերջ: Վաղուց անցել են այն ժամանակները, երբ ՊԵԿ-ը գնում է ստուգումներ կատարելու: Դա մի քիչ 90-ականների պրակտիկա է: Իհարկե, չեմ բացառում, որ գուցե այդպես լինի, բայց այնուամենայնիվ՝ զարմանալի է»: