Գյումրիում գործող «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը մոտ 1 ամիս է փորձեր չեն իրականացնում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց տնօրեն Գրիգոր Կուզիկյանը:

«Գոհար» մշակութային բարեգործական հասարակական կազմակերպությունն աշխատում է: Այժմ դադարեցված է միայն սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի գործունեությունը, իսկ հասարակական կազմակերպությունն ու երաժշտական դպրոցը շարունակում են աշխատել բնականոն հունով»,-ասաց նա:

Կուզիկյանի խոսքով՝ նման դադարի պատճառը ֆինանսավորման ժամանակավոր բացակայությունն է:

«Տարիներ շարունակ ֆինանսավորումը Լիբանանում բնակվող մեր հայրենակցից ենք ստացել: Ֆինանսավորման ժամանակավոր դադարեցումը իրենց երկրում տիրող իրավիճակով է պայմանավորված՝ բանկերը փոխանցումներ չեն իրականացնում»,-ընդգծեց նա:

Տնօրենը լիահույս է, որ առկա խնդիրները շուտով կլուծվեն և ֆինանսավորումը նորից կվերականգնվի: 

Մեզ հետ զրույցում Կուզիկյանը նաև բացառեց այլ հովանավոր գտնելու տարբերակը՝ նշելով, որ նման գործընթաց չեն սկսել:

Հիշեցնենք, որ «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը հիմնադրվել է 1997 թ. լիբանանահայ Հարութ Խաչատրյանի կողմից, իսկ 1999 թվականից սկսել է գործել «Գոհար» երաժշտանոցը, որտեղ աշակերտները սովորում են անվճար:

«Գոհար» սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը համերգներով հանդես են եկել բազմաթիվ երկրներում, արժանացել գովեստի խոսքերի: