«Մենք կորցնում ենք բոլոր պետականահեն ինստիտուտները, և ՍԴ-ն վերջիններից մեկն է, որ կանգնած է այդ ճանապարհին: ՍԴ-ն կորցնելուց հետո մենք կունենանք անպատժելիություն, առանց որևէ արգելանքի ամենաթողություն՝ իշխանության համար: Առայժմ ՍԴ-ն միակ ինստիտուտն է, որտեղ կարելի է վիճարկել սահմանադրականությունը՝ այս կամ այն որոշումների: Եթե դա էլ չլինի, կարող ենք ասել, որ կորցնում ենք պետություն».- պնդում է «Ադեկվադ» միաբանության անդամ, «Armnews FM»-ի տնօրեն Լիլիթ Թումանյանը:

Ասուլիսի ընթացքում ՀՀ ներքաղաքական կյանքին անդրադարձան նաև «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի նախագահ Տիգրան Քոչարյանն ու հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

Տիգրան Քոչարյանն իր խոսքում նշեց, որ ՀՀ իշխանությունները ցանկանում են հեղինակազրկել ԱԱԾ–ն, իսկ դա արվում է տրվող հանձնարարականներով ու տեղեկատվական գրոհով։ Քոչարյանը նաև շնորհավորեց վերջերս պաշտոնից հեռացված Վլադիմիր Կարապետյանին հենց այդ կապակցությամբ և ասաց.

«Շնորհավորում եմ Վլադիմիր Կարապետյանին հեռանալու կապակցությամբ. աշխատել այդ ընտանիքի հետ, դա ուղղակի գիշերային մղձավանջ էր այդ մարդու համար»:

Բանախոսներն անդրադարձան նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ անընդհատ ձգձգվող դատավարությանն ու նրա՝ կալանքի տակ մնալուն:
«Քոչարյանի դատական գործը Փաշինյանի անձնական ոխն է նրա հանդեպ, անձնական հարց է լուծում առաջին հերթին: Դատավարության ընթացքում անընդհատ էմոցիոնալ շոուներ են արվում «Մարտի 1»-ի զոհերի հարազատների միջոցով, որոնք կապ չունեն դատի հետ, տեղի է ունենում մեծ ներկայացում նաև համացանցային տիրույթում: Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի ֆանատն է, ամեն կերպ, ամեն ոլորտում փորձում է նմանվել Քոչարյանին, սակայն ռեսուրս չունի, չի կարողանում, դրա համար ուզում է ոչնչացնել նրան»,- եզրափակեց Միհրդատ Մադաթյանը: