Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը իր քննադատության կենտրոնում մշտապես պահում էր Սերժ Սարգսյանի կողմից տարվող պայքարը կոռուպցիայի դեմ: Ըստ Փաշինյանի՝ այդ պայքարը, ընդամենը, թոզփչոցի էր հանրության աչքերին, քանի որ Սերժ Սարգսյանի բարձրաստիճան թիմակիցները գտնվում են իր հովանու ներքո և նրանք անձնեռմխելի են անգամ, երբ կոռուպցիայի փաստը ապացուցվում է:
Այսօր Փաշինյանը վարչապետ է, սակայն կոռուպցիայի դեմ պայքարը, որին այսօր ականատես ենք լինում , որևէ կերպ հեղափոխական չես անվանի: Եվ, եթե սոցապվարչության պետերին, նախկին իշխանության ներկայացուցիչներին շատ հեշտ ու հանգիստ փռում են ասֆալտին, նույնը չես ասի Փաշինյանի թիմակիցների մասին: Վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ հրապարակումներ եղան կապված, օրինակ, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, ով մարզպետարանում աշխատացնում էր խնամի-ծանոթ-բարեկամ հայտնի շղթան: Ի՞նչ է դա, եթե ոչ կոռուպցիա, սակայն մինչ օրս Սարգսյանը իր պաշտոնին է և, թերևս, պատճառն էլ այն է, որ Փաշինյանը մտածում է՝ չի կարելի պաշտոնից ազատել ընտրություններին իր թիմի համար ամենաշատ ձայն բերած պաշտոնյային: Այդպես էր մտածում նաև Սերժ Սարգսյանը:
Բազմաթիվ էին հրապարակումները Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործողությունների վերաբերյալ, դրանցով հետաքրքրվել էր անգամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, սակայն մինչ օրս որևէ նորություն չկա: Երեկ էլ տեղեկություն տարածվեց, որ Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը կոռուպցիոն ռիսկ է հայտնաբերել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գործողություններում: Մասնավորապես, պարզվել է, որ Արդարադատության նախարարի հետ փոխկապակցված անձը (ամուսին Տաթևիկ Սարգսյանը), աշխատելով ՀՀ ԱԺ աշխատակազմում (ԱԺ նախագահի տեղակալի փորձագետ), միաժամանակ զբաղեցրել է ղեկավար պաշտոն՝ առևտրային ընկերությունում և, բացի ԱԺ աշխատակազմից, միաժամանակ ստացել է վարձատրություն նաև այդ ընկերությունից, ընդ որում՝ այդ պաշտոնին նա նշանակվել էր առանց մրցույթի: Ինչպես ասում են՝ կոռուպցիան հո պոզով-պոչով չի՞ լինում: Սակայն այստեղ էլ Փաշինյանը կարող է ասել, որ Բադասյանի հարցում օբյեկտիվ գտնվելու արդյունքում կարող է առաջացնել սորոսականների զայրույթը, հետևաբար, կարելի է ենթադրել, որ Բադասյանն էլ կպլստա, ինչպես և Նիկոլ Փաշինյանի մյուս խոշոր ձկները…