7-րդ գումարման Աժ-ում մշտական հանձնաժողովների աշխատանքի մասին շատ քիչ է խոսվում և գրվում, պատճառն էր թերևս այն է, որ այդ հանձնաժողովները գրեթե ոչնչով աչքի չեն ընկնում: Որոշ հրապարակումների համաձայն՝ ԱԺ մշտական հանձնաժողովները թերանում են անգամ նիստեր գումարելու հարցում, չենք խոսում՝ բացակայությունների մասին: Այնպես է ստացվել, որ այդ հանձնաժողովներից մի քանիսի նախկին ղեկավարներն այսօր կարկառուն ընդդիմադիրներ են, իսկ ահա ներկայիս ղեկավարները՝ կարկառուն հեղափոխականներ: Օրինակ՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նախկինում ղեկավարում էր Արմեն Աշոտյանը, ով այսօր ընդդիմադիր ՀՀԿ-ի գլխավոր գործող անձանցից էր: Այսօր այդ հանձնաժողովը ղեկավարում է Ռուբեն Ռուբինյանը, ով Իմ Քայլի գլխավոր դերակատարներից է, նախկինում էլ՝ ՀՀ փոխարտգործնախարարի պաշտոնն էր զբաղեցնում: Բոլորն էլ քաջ հիշում են՝ ինչպես ծանր քաշային Աշոտյանը նախընտրական բանավեճի ընթացքում մաստեր-կլասս տվեց համեմատաբար նորեկ Ռուբինյանին, սակայն անցել է շուրջ մեկ տարի և կարելի էր ենթադրել, որ Ռուբինյանն էլ է աճել, և դա կանդրադառնա իր ղեկավարած հանձնաժողովի աշխատանքների վրա:
 
Ի՞նչ է այս ընթացքում ԱԺ-ում արել Ռուբինյանը: Նա 145 անգամ կողմ է քվեարկել, դեմ՝ 24, չի քվեարկել 4 անգամ , բացակայել է 229 անգամ: Նախորդ գումարման ԱԺ-ում Արմեն Աշոտյանը կողմ է քվեարկել 368 անգամ, դեմ՝ 18, բացակայել է 138 անգամ: Ի՞նչ է արել Աշոտյանը որպես հանձնաժողովի նախագահ: Վերջինիս նախաձեռնությամբ ներկայացվել և Արևելյան գործընկերության այս կարևորագույն հարթակում ընդունվել են հրատապ բանաձևեր՝ «Մահացու ինքնավար զենքի» կիրառման կանոնակարգման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ եվրոպական երկրներում վավերացման վերաբերյալ: Սա Եվրանեսթում: Այս ընթացքում Եվրանեսթ խորհրդարանական համաժողովում չի ընդունվել գեթ մեկ փաստաթուղթ, որը կվնասեր Հայաստանի և Արցախի շահերին: Խորհրդարանական դիվանագիտության շրջանակում հաջողվել է լրջագույն ձեռքբերումներ արձանագրել նաև ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքներում՝ հանձնաժողովի եզրափակիչ հայտարարություններում հայանպաստ ձևակերպումների խթանումից սկսած մինչև անցում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրով նախատեսված ավելի բարձր՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի ձևաչափի: Ռուբինյանը գլխավորում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը, սակայն դժվար է ասել, թե մեկ տարվա մեջ ինչ հաջողություններ ենք արձանագրել այս ուղղությամբ: Փոխարենը՝ հասցրել է հայտնվել սկանդալների կիզակետում, երբ պատահմամբ դեմ էր քվեարկել պրո-ռուսական բանաձևին: Ընդունված բանաձևի նպատակն էր Ռուսաստանին վերադարձնել ԵԽԽՎ, որի աշխատանքներին նրանք չեն մասնակցում 2014թ․-ից, երբ ԵԽԽՎ-ն Ղրիմի «անեքսիայի» պատճառով զրկեցին նրանց ձայնի, քվեարկության ու մի շարք իրավունքներից։ Ռուսաստանը վերջին 2 տարիներին նաև չէր վճարում իր անդամավճարը, որը կազմում է տարեկան մոտ 30 մլն եվրո, ինչը ֆինանսական ճգնաժամ էր առաջացրել կազմակերպությունում։
 
Հետաքրքիր էր ՀՀ պատվիրակության քվեարկությունը. Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը դեմ քվեարկեց բանաձևին։ Քվեարկության իրավունք ունեցող մյուս իշխանական պատգամավորը չմասնակցեց քվեարկությանը։ Կողմ են եղել ընդդիմադիր պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանը։ Ավելին, վեհաժողովի այս նիստը աննախադեպ էր նաև ելույթ ունեցող պատգամավորների թվով. ավելի քան 60 պատգամավոր հերթագրվել էր ելույթի համար, որոնց կազմում էր նաև իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, սակայն իր ելույթի պահին Իգիթյանը դահիլիճում չի եղել: Մեկ օր անց Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ տեխնիկական սխալ է եղել. իրականում ցանկացել է կողմ քվեարկել, սակայն բանաձևին դեմ քվեարկություն է ստացվել: Դրանից հետո էլ ստիպված էր ռուս պատգամավորների համար մերձեցման երեկո կազմակերպել:
 
Սրանք, իհարկե, ընդհանուր համեմատականներ են, որոնք, սակայն, թույլ են տալիս հասկանալ, որ նախկինների ու ներկաների միջև առվնազն այս դիրքում ներկաները դեռևս պարտվում են նախկիններին: Խոսքը շատ է, գործը՝ քիչ…