«Այս հավաքը լինելու է այնքան ժամանակ, մինչև ժողովրդի ուզածը լինի», -այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության շենքի դիմաց բողոքող մսավաճառներից մեկը։
«Երեկ մեր պարոն վարչապետը, որ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել սիգարետների մասին, էդ նույն սիգարետները իր շարժի ժամանակ էլ են եղել, էն ժամանակ աչք չէր ծակում հիմա ծակում ա։ Էդ ամեն ինչը մենք հասկանում ենք, եթե իրենց ասածով լինի' ժողովուրդը պատրաստ ա նորից ճանապարհ փակել, որը ժամանակին արվել է իր համար»,-ասաց մսավաճառը։
Մսավաճառի խոսքով՝ կառավարության մշակած ծրագիրը ոչ մի գյուղացու ձեռնտու չէ։
«Գյուղացուն դրել են տուպիկի դեմ, մեր պահանջն այն է, որ սպանդանոցները չաշխատեն, քանի որ մենք' գյուղացիներս, էդ հնարավորությունը չունենք, որ իրենց թելադրածով շարժվենք»,-ասաց մսավաճառը։
Նշենք, որ երեկ Փաշինյանն, անդրադառնալով Կառավարության շենքի դիմաց բողոքող մսավաճառների ակցիային, իր ֆեյսբուքյան էջում գրել էր․
«Այսօր մսավաճառները ակցիա էին անում կառավարության դիմաց: Հենց այն վայրում, որտեղ մեծ աղբաման կա տեղադրված:
Ակցիան ավարտվեց, նրանք հեռացան՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոններ տպավորիչ քանակի տակ:
Ու մեր սիրելի մսավաճառները պահանջում են, որ քաղաքացիներին իրենց կողմից միս վաճառելու սանիտարական, սննդի անվտանգության եւ այլ պայմանները չխստացնենք»։
Հիշեցնենք, որ ցուցարար գյուղացիների պահանջն է՝ ժամանակ տալ, ինչպես իրենք են ասում, գոնե մինչև հուլիս ամիսը, որ այդ ընթացքում ունենան «մինի սպանդանոցներ» և իրացնեն իրենց ապրանքը։ Նրանք վստահեցնում են՝ միակ փրկությունը դա է։