Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ հունվարի 22-ի ԱԺ նիստում Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագծի քվերակության ժամանակ պատգամավորներից 39-ը կողմ քվեարկեցին, 2- ը՝ դեմ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծն այդպիսով չընդունվեց։ Քվերակությունից հետո վարման կարգով ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որն իր խոսքում նշեց․ «Քաղաքական մեծամասնության այս գործողությամբ ցույց տվեցիք, որ քաղաքական կամք չունեք Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար։ Սա վատ նախադեպ է, որը չի եղել նույնիսկ նախկին խորհրդարաններում»։
Մարուքյանին ի պատասան՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Եթե դուք կարոտում եք նախկին խորհրդարանը, կարող եք գնալ նախկին ձեր գործընկերների հետ սուրճ խմել»։
Ռուբինյանի այս ելույթից հետո վիճաբանություն սկսվեց Մարուքյանի և նրա միջև։
Այս միջադեպի հետ կապված «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյան այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց․ «Մարդկային հարաբերությունների մակարդակում ոչ մի բարդույթ չունեմ որևէ մեկի հետ սուրճ խմելու։ Երբ մենք նրանց համեմատում ենք նախկին իշխանությունների հետ, այդ իշխանության ավելի վատ ձևակերպումներն իրենք են տալիս, այդ նույն իշխանության տեքստերով նախագծեր էին երեկ մերժվում։ Ինչ վերաբերվում է Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, հիշեցնեմ, որ ինքն էր խնդրել Արմեն Աշոտյանի հետ հանդիպում և նրանք հանդիպել էին Թուֆենկյան հյուրանոցում և սուրճ էին խմել, էնպես որ էդ սուրճ խմողը ինքն ա։ Իր հետ սուրճ չեմ խմել դրանից ա նեղվում, որովհետև անհետաքրքիրա իր հետ զրույցը, Ռուբինյանի հետ ինչ խոսես։ Թե չէ էդ սուրճ խմողն ինքն է, ինքն է խնդրել հանրապետականներին, որ իրենց կապերով աջակցեն, որպեսզի ԵԱՀԿ-ում այդ բանաձևը տապալվի։ Լավ է արել, բայց եթե նա դա որպես քաղաքական զենք է կիրառում իմ վրա, պետք է հիշի, որ ամենաթարմ սուրճ խմածն ինքն է։ Նենց, որ էդ սուրճը, որ բերում- մտցնում եք մեր աչքը, դուք եք սուրճ խմողները, գնացեք, խմեք ձեր սիրելի իշխանության ներկայացուցիչների հետ»։