ՀՀ կառավարությունը մտադիր է մինչև հուլիսի 1-ը հետաձգել պարտադիր սպանդանոցային մորթի վերաբերյալ իր որոշման կատարման նկատմամբ խիստ վերահսկողության իրականացումը` բացառությամբ Երևանի սուպերմարկետների և հանրային սննդի վարերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք առաջարկում ենք հետևյալը. այսօր խորհրդակցություն ենք անցկացրել և տվել եմ կոնկրետ հանձնարարական` մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի` այդ թվում տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ: Բացի դրանից, կառավարությունը մարզպետարանների և սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ և կփորձենք առավել հասցեական ֆինանսավորել այն նախագծերը, որոնք այն սփռվածության և հասանելիության խնդիրը լուծելու են:  Եթե բողոքող հայրենակիցների համար այս առաջարկը ընդունելի է, ուրեմն մենք պատրաստ ենք տյումինգ անել սուբսիդավորվող վարկերը և  լիզինգային ծրագրերը, երկրորդը` մինչև հուլիսի 1-ը հետաձգել` բացառությամբ Երևան քաղաքի սուպերմարկետների և Երևանի ռեստորանային, հանրային սննդի ցանցի, մնացած հատվածում թողնել նույն իրավիճակը` պայմանով, որ հուլիսի 1-ից հետո այդ թեմային չենք անդրադառնալու»,-ասաց վարչապետը:

 

Կառավարությունը պատրաստ է մինչև փետրվարի 6-ը նաև այլ առաջարկներ լսել, թե էլ ինչ գործիքներով կարող է այդ պրոցեսին աջակցել, կայացել որոշումներ, մինչև մարտի 1-ն այդ ֆինանսավորումները բացել, մինչև հուլիսի 1-ը տալ ժամանակ, որպեսզի քաղաքացիները իրար հետ միանան, գումարը վերցնեն, ներդրումն անեն: Վարչապետը շեշտեց` բայց հուլիսի 2-ից այլևս այդ թեմային ոչ մի դեպքում ոչ մի պատճառաբանությամբ չեն վերադառնալու, ՀՀ-ն պետք է առաջնորդվի ամենաբարձր ժամանակակից ստանդարտներով:

 
 

Հունվարի 15-ից մսի վաճառքով զբաղվողների համար պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողություն է սահմանվել, արգելվել է բակային մորթը: Հունվարի 16-ից անասնապահներն ու մսավաճառները ակցիաներ են իրականացնում՝ չցանկանալով մորթն իրականացնել սպանդանոցներում: Նրանք մատնանշում են որոշ խնդիրներ, այդ թվում՝ կենդանիներ տեղափոխելն ու սպանդանոցների քիչ լինելը: