այաստանում սիրո և հանդուրժողականության մթնոլորտը շարունակում է նորանոր ռեկորդներ սահմանել: Չէր հասցրել դեռ հասարակությունը վայելել այդ թավիշի նախորդ արտահայտումները՝ ի դեմս լրատվամիջոցների խմբագրությունների և դատավորների աշխատասենյակների վրա հարձակումների, երբ այսօր էլ հայտնի դարձավ, որ անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն՝ պահանջելով հայտնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի վայրը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, այս անգամ տուժածներ չկան: Սրան էլ պետք է գումարել ողբերգական մահերի շարքը, որը շարունակվում է և որի վերջը, կարծես թե, չի երևում:
Նոր Հայաստանում մարդիկ չարացել են, Նոր Հայաստանում ՝ բռնություն և ատելություն քարոզող ֆեյքերի ձայնը ավելի ազդեցիկ է դարձել, քան բանականության ձայնը: Ժամանակին, երբ տեղի ունեցավ Վերնիսաժի մոտ հայտնի փոխհրաձգությունը, այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ՀՀԿ-ն երկիրը Սիցիլիայի է վերածել: Այսօր Փաշինյանին կարող ենք շնորհավորել, որովհետև առնվազն այս մի ցուցանիշով Նոր Հայաստանը գերազանցում է Հնին, իսկ Սիցիլիան մեզ պարզապես կարող է նախանձել: Անգամ պաշտոնական վիճակագրությունն է հուշում, որ հեղափոխությունից հետո երկրում հանցավորության մակարդակի աճ է արձանագրվել: Հեղափոխությունից հետո առաջին ինն ամիսներին նկատելիորեն աճել էր սեփականության դեմ ուղղված հանցագործությունների (39,2%-ից 41,8%) և պետական իշխանության, պետական կարգի դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռը (14,2%-ից 15,6%): Դա պայմանավորված էր, իհարկե, համաներմամբ, երբ իշխանությունները, չհաշվարկելով հավանական հետևանքները, գնացին այդ պոպուլիստական քայլին: Ճաղերի այն կողմում նստած ու կյանքի բուռն իրադարձություններից կտրված մարդկանց կթվա, որ կարող են իրենց շատ բան թույլ տալ. ու ահա հավաքում ենք այդ ժամանակավրեպ որոշման բերքը։
Սակայն, պատճառները էլ ավելի խորքային են: Համաձայնեք՝ նորմալ չէ, երբ Երևանի ավագանու իշխանական խմբակցության անդամն ականջ ծամելու սպառնալիք է հնչեցնում՝ հավանաբար դուխով կարգախոսից ոգևորված: Նորմալ չէ, երբ վարչապետի մակարդակով պարբերաբար հնչում են թաթիկներ կտրելու, պատերին ծեփելու և ասֆալտին փռելու կոչեր: Մենք սովոր ենք ապրել հանգիստ, անվտանգ երկրում ու այդպիսի մայրաքաղաքում, և հանցագործությունների թվի նույնիսկ աննշան աճը մտահոգիչ է։ Ստեղծված մթնոլորտը ժամ առաջ պետք է պարպել, հակառակ դեպքում հեղափոխության կարգախոսներից մեկը լրջագույն ռեբրենդինգի ենթարկելու կարիք է զգացվելու, այն պարզ պատճառով, որ այսօր հանրային, քաղաքական պրոցեսներում բացակայում է թե՛ սերը, թե՛ առավել ևս հանդուրժողականությունը…