Պետական հեղաշրջման փորձերի մասին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները վկայում են, որ օրվա իշխանության ամբողջ քաղաքական էներգիան ուղղված է անցյալը հրեշացնելու, ամեն ինչ ջնջելու և անընդհատ ներքին թշնամիներ փնտրելու գործին։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը։
«Եթե իրապես պետական հեղաշրջման փորձեր են եղել, ապա մենք՝ իբրև հասարակություն, իբրև ժողովուրդ և ՀՀ քաղաքացիներ, պետք է իմանանք, թե ովքեր են մեր ներքին թշնամինները, անուններ և գործողություններ պետք է հրապարակվեն, պարտավոր են, այլապես ասվածը մոլորեցնող քաղտեխնոլոգիա է, և պետք չէ սեփական սխալներից, սեփական մեղքերից ու ձախողումներից հանրության ուշադրությունը տանել դեպի թշնամու փնտրտուք։ Սա հերթական կեղծ օրակարգով հասարակությանը զբաղեցնելու քայլ է, որի նպատակն է՝ ցույց տալ, թե քաղաքական թիմն այսօր զբաղված է շատ կարևոր գործով՝ ներքին թշնամու որսով և չեզոքացմամբ։ Կարևոր է, որ մեր քաղաքացիները հասկանան, որ օրակարգերի բացակայությունը լրացվում է քաղտեխնոլոգիաներով, որոնք դատարկ են»,- ասել է Լ. Գալստյանը։
Պետական հեղաշրջման փորձերի մասին ԱԱԾ, ՀՔԾ, Դատախազության և ԱԽ-ի՝ իրար հակասող պարզաբանումները Լիլիթ Գալստյանը համարում է իշխող ուժի քաղաքական մերկության վկայություններ.
«Սա ոչ թե հակադրություն է, այլ խոսում է իշխանության քաղաքական մերկության և իշխանության մեջ ցայտնոտային և անկառավարելի վիճակի մասին։ Սա նաև շատ վտանգավոր բանի՝ հասարակությունը պառակտելու և տագնապների, հուզումների մեջ պահելու, հասարակության դիմադրողականությունը կոտրելու մասին է վկայում»,- ասել է դաշնակցական գործիչը՝ հավելելով, որ ինչպես քաղաքական նույն ուժի մեջ չկա երկխոսություն, այնպես էլ դա չկա ուժային կառույցների միջև։
Նրա խոսքով՝ դա քաղաքական ստրիպտիզ է, որը մերկացնում է այն, որ նույն քաղաքական թիմում և ուժային կառույցներում չկան միասնական սցենարներ։
30 տարի քաղաքականությամբ զբաղվող Լիլիթ Գալստյանը զուգահեռներ է անցկացրել Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակների միջև՝ ընդգծելով, որ ատելության, ներքին թշնամիներ փնտրելու մթնոլորտ կար նաև Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին։
Ըստ Գալստյանի՝ տեղին են նաև ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան և առաջին նախագահի պաշտոնավարման ժամանակ արձանագրված նախկին պաշտոնյաների մահվան հանգամանքների զուգահեռները։
«Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակն է, և նրա կողմից հրապարակ նետված փիլիսոփայությունը շատ նման է Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանում նետվածին։ Ես համեմատելու շատ բաներ եմ տեսնում։ Միանշանակ է, որ օրվա քաղաքական իշխանությունն է պատասխանատվություն կրում՝ ինչպես երկրում գեներացվող արժեքների, այնպես էլ՝ նախկին պաշտոնյաների սպանությունների կամ ինքնասպանությունների համար»,- ասել է Լիլիթ Գալստյանը՝ ավելացնելով, որ գործող իշխանությունը նախկին պաշտոնյաների մահվան քաղաքական պատասխանատվությունը չի կրում իր ուսերին, որովհետև հասարակությանը զբաղեցնելու և նախկինում արված ամեն բան ջնջելու խնդիր ունի։
Ըստ Լիլիթ Գալստյանի՝ չկա Հայաստանի ապագայի քարտեզը, չկա նաև ապագային միտված տեսլական և հայեցակարգ՝ ուղղված երկրի զարգացման հեռանկարին։
Նրա համոզմամբ՝ տեսլական ու հայեցակարգ չունի նաև Ազգային ժողովի այն քաղաքական թիմը, որը Նիկոլ Փաշինյանի քայլարշավի արդյունքում է հայտնվել խորհրդարանում։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամի համոզմամբ՝ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ժողովրդավարական արժեքներով իշխանության եկած ուժը բռնել է ավտորիտարիզմի ճանապարհը և ՍԴ-ն համարում է այն հենարանը, որը պետք է անպայման յուրացնի։
«Իշխանությունը որևէ քայլի առաջ չի կանգնում Սահմանադրական դատարանը յուրացնելու համար, գիտեն, որ ՍԴ դատավորներին կաշառելու մասին օրենքը չի աշխատի, հիմա էլ գնում են սահմանադրական փոփոխությունների։ Ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ սահմանադրությունը խաղ ու պար չէ, որ անընդհատ փոխենք։ Հիմա սահմանադրական փոփոխություններն արվում են քաղաքական նոր կոստյումի վերաձևավորման համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակ անցնում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին հերքելու ճանապարհով»,- ասել է նա։