Հունվարի 25-ին, ժամը 05:20-ին որոնողական աշխատանքների են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Արշավախմբի անդամների հետ պարբերաբար կապ է հաստատվում. փրկարարները մոտենում են դեպի արշավախումբը:

Ժամը 11:30-ի սահմաններում փրկարարները մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են արշավախմբի անդամներին:

Ժամը 14:31-ին փրկարարները հանդիպել են արշավախմբի անդամներին: Ներկա պահին փրկարարները վատառողջ քաղաքացուն թրթուրավոր ամենագնացով տեղափոխում են Մարտունի քաղաքի ԲԿ: Արշավախմբի մյուս անդամները շարունակել են ճանապարհը:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին, ժամը 08:28-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ արևելք ընկած հատվածում գտնվող արշավախմբին (բաղկացած է Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացուց, որոնցից մեկի ինքնազգացողությունը վատացել է) անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: