Երեկվանից քննարկվում է «Իմ քայլ»-ը ավագանու խմբակցության անդամ, ՔՊ կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի՝ մեծ աղմուկ առաջացրած քայլը, որով վերջինս փորձել էր թիրախավորել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին՝ համացանցում հրապարակելով նրա դստեր ֆեյսբուքյան էջի լուսանկարով սքրիշոթն ու կից գրել․ «Հ․ Թովմասյանի աղջկա ֆբ-ն ա, ձեզ տեսնեմ, ժողովուրդ ջան»։ Գրեթե բոլորը դատապարտեցին 20-ամյա երիտասարդի քայլը՝ նշելով, թե էլ ո՞նց է լինում ատելության խոսքի տարածումն այս «սիրո և հանդուժողականության» մթնոլորտում։ Անգամ ավագանու «Իմ քայլ»-ը խմբակցությունը հրատապ նիստ անցկացրեց՝ քննարկելու Հարթենյանի մնալ-չմնալու հարցը խմբակցությունում։
Իսկ ահա, իմքայլական Վազգեն Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի հայտարարությունը, որով անընդունելի են համարում ավագանու անդամի քայլը։
Այս ամենի ֆոնին՝ սոցցանցերում ակտիվորեն տարածվում է Վազգեն Մանուկյանի կողմից ժամանակին արած գրառումը, ով վաստակավոր արտիստ Նադեժդա Սարգսյանի մահվան բոթից հետո հետևյալ արտահայտություն էր իրեն թույլ տվել․ «Մի Սարգսյան էլ հեռացավ ու բոլոր Սարգսյաններն էլ պիտի հեռանան»։ Երիտասարդը նկատի ուներ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և վաստակավոր արտիստի ազգանվան նմանությունը։
Սա ևս համացանցում քննարկվեց ու դատապարտվեց, բայց այդ անգամ «քայլողներից ոչ ոք տեղից չշարժվեց»՝ նախ երիտասարդին չհիշեցնելով Նադեժդա Սարգսյանի վաստակի մասին, ապա չսովորեցնելով, որ մահացած մարդու մասին այդպես չեն արտահայտվում։ Սոցցանցերում օգտատերերը արդարացիորեն հարց են բարձրացնում՝ «ինչո՞ւ այն ժամանակ չէիք խոսում»։
Նշենք, որ ավելի ուշ, Հենրիկ Հարթենյանը լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ի՞նչ նպատակ էր հետապնդում իր արարքը պատասխանել էր, թե ուղղակի է ներկայացրել Թովմասյանի աղջկան՝ տեսնելու, թե ինչքանով է հետաքրքրում ժողովրդին։
Սակայն նկատենք, Հարթենյանի հրապարակած ֆեյսբուքյան էջն ու լուսանկարն ամենևին էլ Հրայր Թովմասյանի աղջկանինը չէ, ըստ տեղեկությունների՝ Թովմասյանի եղբոր դստերն է։
Սոնա Հարությունյան