Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև Արցախի հարցին՝ մասնավորապես նշելով, որ այս պահին սեղանին չկա որևէ թուղթ, որը քննարկվում է: Փաշինյանը նորից վերահաստատեց նախկինում հնչեցրած իր այն կարծիքը, որ Արցախի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
Արցախյան հարցի բանակցային գործընթացի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ:
«Ինձ համար հիմք է հանդիսանում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը Բրատիսլավայում, որտեղ նա ներկայացնում է հայկական կողմի դիրքորոշումը և մոտեցումները բանակցային գործընթացին: Այնտեղ կան բոլոր այն սկզբունքները, որոնք 25 տարի շարունակ հայկական կողմը ներկայացնում է»,-ասաց նա:
Էլիբեգովան նշեց, որ մի քանի ամիս է ինչ Փաշինյանն ասել է, որ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի երեք կողմերի համար. «Մենք սպասում ենք պաշտոնական պատասխանի, թե ինչպիսին է այդ լուծումը: Մինչդեռ, մինչև այս պահը, այդ հարցի պատասխանը չենք ստացել»:
Ադրբեջանագետի խոսքով՝ եթե հիմք ենք ընդունում Զոհրաբ Մնացականյանի ելույթը, ապա կոնցեպտուալ առումով՝ նախկին իշխանությունների վարած քաղաքականությունից չի տարբերվում. «Բայց, եթե ասում ենք, որ չկա ոչ մի փաստաթուղթ և բանակցվելու է նոր ինչ-որ բան, ապա հարց է առաջանում, թե ինչ: Այդ հարցի պատասխանը մենք պետք է ստանանք, որպեսզի հասկանանք՝ ունի՞ նոր մոտեցում հայկական կողմը և ո՞րն է այդ մոտեցումը»:
Էլիբեգովայի խոսքով՝ ինքը չի պատկերացնում, թե ինչպիսին պետք է լինի հայկական կողմի նոր դիրքորոշումը:
«Հայկական կողմը նախկինում էլ ջանքեր գործադրել է, որպեսզի Արցախը մասնակցի բանակցային գործընթացին: Կամ նախկինում ևս ասվել է, որ լուծումը պետք է ընդունելի լինի երեք կողմերի համար, այսինքն՝ այնպիսի լուծում, որ հարմար լինի երկու կողմերին էլ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Ադրբեջանագետն ասաց, որ կոմպրոմիսային տարբերակը ենթադրում է, որ, այնուամենայիվ, լուծումը ոչ մի կողմին դուրեկան չի լինելու. «Հետևաբար, թե ինչ է ասում վարչապետը, երբ խոսում է, որ 3 կողմերի համար հարմար լուծում է առաջարկում, ես չգիտեմ: Այդ առաջարկին մի քանի ամիս սպասում ենք, որ լսենք, հասկանանք, վերլուծենք»:
Էլիբեգովան նաև նշեց, որ երկու կողմն էլ այս պահին զբաղված են ներքաղաքական հարցերով, և Արցախի հարցը երկրորդական պլան է անցել: