Շոտլանդական Գլազգո քաղաքի բնակչուհին երեխային ծննդաբերել է նախատեսվածից 17 շաբաթ շուտ, բժիշկները նրան դրել են սենդվիչի տոպրակի մեջ և սրտի կանգից հետո 40 րոպե պայքարել նրա կյանքի համար: Այդ մասին հայտնում է The Mirror- ը:
2019 թվականի փետրվարի սկզբին 25-ամյա Քլեր Նոբիլը հոսպիտալացվել էր հղիության 23-րդ շաբաթում: Պտղի թոքի զարգացումը արագացնելու համար հիվանդին ներարկվել է ստերոիդ, և նա պատրաստվել է մի քանի օրից վերադառնալ տուն:
Բայց գիշերը Նոբիլն արթնացել է և ցանկացել է զուգարան գնալ: Նա զգացել է, որ ինչ-որ բան այն չէ, և կանչել է բուժքույրերին: Պարզվել է, որ նա սկսել է ծննդաբերել: Նորածին Ռայանը կշռել է ընդամենը 650 գրամ: Երեխայի սիրտը կանգ է առել, և բժիշկները 40 րոպե պայքարել են նրա կյանքի համար։ Նրանք երեխային տեղավորել են սենդվիչի պլաստիկե տոպրակի մեջ, որպեսզի պահպանեն ջերմությունը։
Շոտլանդուհին ստիպված է եղել մեկ շաբաթ սպասել, որպեսզի կարողանա որդուն գրկել: Երբ Ռայանը վեց շաբաթական է դարձել, Նոբիլը տուն է գնացել իր երկու ավագ դուստրերի մոտ: Առավոտյան ժամը հինգին նրան կանչել են հիվանդանոց, քանի որ երեխայի արյան մեջ թթվածնի մակարդակը կտրուկ նվազել է, և թոքերից մեկը չի գործել: Բժիշկները վախեցել են նրա կյանքի համար:
Հունիսի 19-ին երեխան 133 օր հիվանդանոցում անցկացնելուց հետո դուրս է գրվել: Այդ ընթացքում տղան ունեցել է ուղեղի արյունահոսություն, նրան չորս անգամ արյան փոխներարկում են արել, և 51 օր նա անց է կացրել թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված: Նրան բուժել են հիպոթերմիայից և սեփսիսից, և երբ նա 16 շաբաթական է եղել, աչքի լազերային վիրահատություն է տարել, որպեսզի կանխվի կուրությունը:
Չնայած առողջական խնդիրներին՝ նա ապրել է և պատրաստվում է տոնել իր առաջին ծննդյան տարեդարձը:
Նոբիլը բարեգործական դրամահավաք է կազմակերպել, որպեսզի շնորհակալություն հայտնի բժիշկներին իր երեխային փրկելու համար: