Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը նախորդ իշխանություններին պարբերաբար մեղադրում էր Մարդու իրավունքների տոտալ ոտնահարման մեջ, հայտարարելով, որ «Մարդը դադարել է լինել արժեք», իսկ Հայաստանում գործում է միայն «Սաշիկի իրավունքը»: 2018-ին տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները ենթադրում էին հավակնոտ փոփոխություններ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, սակայն հեղափոխությունից երկու տարի անց միջազգային կառույցները մեղադրում են Փաշինյանի կառավարությանը այն նույն մեղքերի մեջ, որոնք Փաշինյանը ժամանակին վերագրում էր նախորդ իշխանություններին: Այսպես՝ Human Rights Watch-ը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքներին նվիրված ամենամյա զեկույցը, որտեղ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռնամուխ է եղել բարեփոխումների ծրագրի իրագործմանը' այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարին տնտեսական և արդարադատության ոլորտներում, սակայն ուժի չափից ավելի օգտագործումը իրավապահների կողմից մնացել է:

Մարդու իրավունքների կոպիտ ոնտահարման դեպքերը շարունակվում են նաև նոր Հայաստանում, թվենք դրանցից, ընդամենը, մի քանիսը: Բոլորի հիշողության մեջ էլ դեռևս թարմ է՝ 2019-ի Ամուլսարի հանքի շահագործման դեմ Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիան, որի ընթացքում ոստիկանությունը թույլ չէր տվել բողոքի ակցիա իրականացնել խորհրդարանի շենքին հարող այգում' կարճ ժամանակահատվածով բերման ենթարկելով ցուցարարներից վեցին: Հիշեցնենք նաև, որ երեք ժամով, առանց որևէ հիմնավորման, բերման էր ենթարկել ակտիվիստ Աննա Շահնազարյանին՝ Ամուլսարի դեմ պայքարողների համար դրամահավաք կազմակերպելու համար: Իրավիճակը կրկնվեց նաև Երևանի կենտրոնում, երբ ոստիկանությունը ուժով մայրաքաղաքի կենտրոնից հեռացրեց Տիգրան Մեծի պողոտան փակած ցուցարարներին, որոնք էլ պահանջում էին դադարեցնել կրպակների և ռեստորանների ապամոնտաժումը Օպերայի հարակից տարածքում: Երկու դեպքերն էլ արձանագրված են Human Rights Watch-ի զեկույցում և գնահատված են, որպես անհամաչափ ուժի կիրառման դեպքեր, ասել է թե՝ մարդու իրավունքների խախտում:

Նույն պատկերն էր նաև Երևանի քաղաքապետարանի դիմաց «Աղբը հանձնում ենք Երևանի քաղաքապետարանին» ակցիայի ընթացքում, երբ ոստիկանությունը ակցիայի թվով 8 մասնակիցներին, այդ թվում ակտիվիստ Սոնա Աղեկյանին, տարել էր ոստիկանական բաժին, իսկ այնուհետև նրանց նկատմամբ քրեական գործեր էին հարուցվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։ Սա կրկնակի զարմանալի է, քանի որ հենց այս իշխանությունն է ժամանակին կողմ եղել պայքարի նմանատիպ մեթոդներին: Հիշեցնենք, որ ժամանակին, երբ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները կեղտաջրեր էին տարել ավագանու դահլիճ և դրանք ուղղել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմ, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Իրավիճակն ընկալելու համար պետք է չնայել մակերեսորեն: Ասում են՝ վայ, կեղտաջրերը տարել են Երևանի ավագանի, ո՛նց կարելի է: Այդ մարդիկ առավոտը վեր կացան ու որոշեցին կեղտաջրերը տանե՞լ, դա ունի իր նախապատմությունը»: Փաստորեն այսօր՝ ակտիվիստների ակցիայի նախապատմությունը որևէ մեկին չի հետաքրքրում:

Իրավունքների խախտում չէ՞ դաշնակցական երիտասարդ ակտիվիստների կողմից խաղաղ հավաքների ազատությունը սահմանափակելն ու նրանց ոստիկանություն բերման ենթարկելը։ Այս գործողություններն ուղիղ հակասության մեջ մտան դատարանների շրջափակման և Էջմիածնի ճանապարհը Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով փակելու ժամանակ Ոստիկանության անգործության հետ։ Երիտասարդներն իրացնում էին ազատ հավաքների իրենց իրավունքը, և այսօրվա իշխանությունը, որը հասել է իշխանության նույն եղանակով՝ ճանապարհներ փակելով, պետք է համարժեք արձագանքեր վերջիններիս ակցիային։

Մարդու իրավունքների խախտումները տեղի են ունենում անգամ դատարաններում՝ հիշենք գեներալ Մանվել Գրիգորյանի դատավարությունը, երբ օրենքի խախտմամբ և առանց մեղադրանք ներկայացնելու՝ դատարանը մեկ տարի շարունակ մերժում էր ազատ արձակել Գրիգորյանին, անգամ հաշվի չառնելով օրենքի մեկ այլ պահանջ, այն է՝ կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունները, որոնցով տառապում էր Գրիգորյանը և որոնց առկայության դեպքում նա անհապաղ պետք է ազատ արձակվեր: Ի վերջո՝ իշխանությունները, հաշվի առնելով գեներալի առողջական վիճակը, ազատեցին նրան կալանքից, բայց մինչ այդ, շուրջ տարի ու կես խախտելով Գրիգորյանի օրինական իրավունքները: Հիշեցնենք՝ մի քանի ամիս ապօրինի կալանքի տակ գտնվելուց հետո էլ ՄԻԵԴ որոշմամբ՝ կալանքից ազատվել և բուժման էր մեկնել «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը: Այս առանձին վերցված քրեական գործի մասով անգամ ՄԻԵԴ-ն էր հաստատել մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումը:

Չմոռանանք նաև այն քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին։ Մի դեպքում՝ բժշկին, որն ավելի շատ կյանքեր է փրկել, քան վարույթն իրականացնողները քրեական գործեր են հարուցել, կանչում են հարցաքննության՝ ընդհատելով բարդագույն վիրահատությունը, մյուս դեպքում՝ սկզբում կալանավորում են, հետո միայն որոշում՝ ինչ մեղադրանք առաջադրել, որպեսզի հնարավոր լինի խափանման միջոց կալանքը կիրառել, այնուհետև՝ թերևս չգտնելով այդ մեղադրանքը՝ ազատ են արձակում:

Մարդու իրավունքների խախտումը դատական համակարգից հասել է անգամ ԲՈՒՀ-եր: Մասնավորապես, շաբաթներ առաջ ոստիկանությունը առանց որևէ նախնական ծանուցման և հիմնավորման՝ իր աշխատասենյակից, ձեռնաշղթաներով և ցուցադրաբար բերման էր ենթարկել ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանին: Թերևս, իշխանություններին դուր չէր եկել այն ակտիվությունը, որը Ափոյանը դրսևում էր սորոսական «Ռեստարտ» նախաձեռնության անդամներին թիրախավորելու հարցում:

Կամ արդյո՞ք մարդու իրավունքների կոպիտ խախտում չէ և լռեցնելու՝ իշխանությունների նույն տրամաբանության մեջ չի տեղավորվում այն, ինչ այսօր տեղի է ունենում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ: Ընդամենը, օրեր առաջ վերջինիս բնակարանի խուզարկությունը տեղի ունեցավ միանգամից մի քանի կարևորագույն քրեաիրավական նորմերի խախտմամբ, ինչն էլ արձանագրվել էր Թովմասյանի փաստաբանների, ինչպես նաև իրավապաշտպանների կողմից:

Մարդու իրավունքների ոտնահարման ամենաթարմ դեպքերն էլ տեղի ունեցան բառացիորեն երեկ, երբ անսալով անգամ Հայոց բանակի օրվան նվիրված տոնակատարությունները՝ իշխանությունները հերթական ասֆալտին փռելու օպերացիաները կազմակերպեցին: «Հեղափոխական զգոնություն» ցուցաբերած քաղաքացու զանգով, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով անհամաչափ ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկվեցին «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, «Ադեկվատ» միաբանության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Արթուր Դանիելյանը, Ազատ Ադամյանը, Գրիգոր Մինասյանը, ինչպես նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ Նրանք բոլորն էլ ազատ են արձակվել, սակայն հետաքրքիր է՝ եթե ուժայինների այս ակցիան տեղի ունենար հին Հայաստանում՝ ինչպե՞ս էր այս ամենին արձագանքելու ընդդիմությունը:

Ուշագրավ է, որ նախկինում թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմությունը բավական ակտիվ էին արձագանքում իշխանությունների կողմից նման հակաօրինական քայլերին: Հիշենք նույն Մաշտոցի պուրակի «ազատագրման» համար պայքարը, երբ ընդդիմությունը այդ հարցը բարձրացնում էր, ընդհուպ, ԱԺ ամբիոնից՝ իշխանություններին մեղադրելով ոստիականապետություն կառուցելու մեջ: Մինչդեռ ո՞ւր են այսօրվա ընդդիմադիրները, կամ, թեկուզ, նույն իրավապաշտպան կառույցները, ՀԿ-ը , որոնք ամեն ամիս տարատեսական կասկած հարուցող ֆոնդերից հազարավոր դոլարներ են ստանում, ի դեպ՝ հենց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության նպատակով: Համարժեք արձագանք և գործուն միջամտություն չի ցուցաբերում նաև ՄԻՊ-ը, թերևս հաստատելով, դեռևս, ընդդիմադիր Փաշինյանի այն հայտարարությունը, որ «ՄԻՊ-ը ընդամենը ձևական կառույց է, որը կոչված է դակելու իշխանությունների ապօրինությունները»: Մի բան ակնհայտ է՝ Մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում Հայաստանում դեռ խնդիրներ և թերություններ կան, որոնք օր օրի ավելի ու ավելի ակնհայտ և ցայտուն են դրսևորվում: Եւ՛ ապօրինությունները, և՛ մարդու իրավունքների խախտումը ոչ միայն չեն սաստվում, այլ նաև պետական աջակցություն և հովանավորություն են ստանում…