ԱՄՆ Օհայո նահանգի համալսարանի գիտնականները բացահայտել են Հյուսիսային Ամերիկա տեղափոխված առաջին մարդկանց գաղտնիքը: Նրանք կենսաբանորեն ավելի տարբեր են եղել, քան ընդունված էր առաջ: Երկար ժամանակ մասնագետները գտնում էին, որ բնիկ ամերիկացիներն իրենցից միատարր խումբ են ներկայացրել: Այս մասին գրում է Phys.org-ը:
Մասնագետները համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով հետազոտել են 4 հին գանգեր, որոնք գտնվել են Մեքսիկայի ջրասուզված քարանձավներում: Գանգերը պատկանել են 9-13 հազար տարի առաջ ապրած մարդկանց, երբ քարանձավները դեռ ծովի մակերեւույթից վեր էին: Հետազոտողներին հաջողվել է ռենտգենյան լուսանկարները միացնել եռաչափ պատկերով:
Ամենահին գանգը Հյուսիսային Ամերիկայի արկտիկայում բնակվողների հետ նմանություններ ուներ, իսկ ամենանորը՝ հյուսիսային Եվրոպայի բնակիչների հետ: Երրորդ գանգը ասիական եւ հնդկական խմբերի խառնուրդ էր, իսկ 4-րդը՝ արկտիկական խմբի բնակիչների հետ նմանություններ ուներ:
Հետազոտությունների արդյունքներով, Ասիայից Հյուսիսային Ամերիկա տեղափոխված մարդիկ սկզբում ունեին բարձր գենետիկ տարբերություններ: Ինչ-ինչ պատճառներով, այդ տարբերությունները պակասել են այն ժամանակ, երբ նրանք տարածվել են Հարավային Ամերիկայում: