«168 ժամ» թերթը գրում է. «Կապանում հրավիրած ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե փակված է համարում 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև Պաշտպանության նախարարության կողմից ձեռք բերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ չօգտագործված:
«2020-ի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ՝ ավելի է մոտ 4.5 տոկոսով: 2018-ի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշների փորձարկումներ: ՀՀ Կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև ձեռք բերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ չօգտագործված»,- ասել էր Փաշինյանը:
168.am-ի հետ զրույցում ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը նշեց, որ 80-ականների զենքի թեման բացառապես քաղաքական թեմա է, որն առաջացավ Սերժ Սարգսյանի՝ ապրիլյան պատերազմից հետո հնչեցված խոսքերից հետո: Մասնագիտական տեսանկյունից, ըստ վերլուծաբանի, սա միանգամայն սին թեմա է:
«ԱՄՆ-ի և ՌԴ-ի զինապահոցը ևս մեծամասամբ բաղկացած է 80-ականների զենքերից: Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա այս դեպքում նույնիսկ կարող ենք ասել, որ մեր սպառազինությունը, զենքերը 70-ականների, 60-ականների և 50-ականների են: Օրինակ, Դ-20 հաուբիցները, որոնք 1953 թվականին են թողարկվել, վատ չեն կատարում իրենց խնդիրը: Պետք է հասկանալ՝ խնդիրն այն չէ, թե երբ է ստեղծվել որևէ մոդել կամ արտադրվել որևէ զենք, այլ, թե ինչ խնդիր է այն լուծում, հնացե՞լ է այդ զենքը, թե՞ ոչ: Ի դեպ, վերջերս ՀՀ-ն ձեռք բերեց «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրների խոշոր խմբաքանակ, այս մոդելի բոլոր համալիրներն արտադրվել են դեռևս մինչև 1980 թվականը:
Եվ սրանից հետո բավականին տարօրինակ է հնչում հայտարարությունն այն մասին, որ 80-ականների զենքերի էջը փակված է: Եթե այդ համալիրները կատարում են այն ֆունկցիան, որն անհրաժեշտ է ՀՀ ԶՈւ-ին, ապա ինչո՞ւ չգնել այն»,- ընդգծեց Ներսիսյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանն անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ 80-ականների զենքերի էջը փակված է, ասել էր․ «Չեմ ուզում վարչապետի խոսքերը մեկնաբանել, 80-ականների զենքերը եղել են, կան ու երկար ժամանակ կլինեն մեր բանակում, որովհետև դրանք լավագույն զենքերից են»: