Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 27-ին Ազգային ժողովում կառավարության՝ անցած տարվա ծրագրի կատարման հաշվետվություն-զեկույցը ներկայացնելիս, անդրադառնալով արհեստական մենաշնորհներն արմատախիլ անելուն, խոսեց նաև շաքարավազի շուկայի մասին: Օրինակ, շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող «Ալեքս Գրիգ»-ի տեսակարար կշիռը կազմել է 78 տոկոս՝ նախկին 95 տոկոսի փոխարեն:
 
Գաղտնիք չէ, որ շաքարավազի շուկայում երկար տարիներ տիրապետող է եղել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն։ 2017-ի համեմատ՝ 2018-ին շաքարավազի շուկայի մասնակիցների թիվն ավելացել է ընդամենը 1-ով, ընդհանուր առմամբ տեղի է ունեցել նաև մասնակիցների փոփոխություն: 2018-ին ներկրող ընկերութունների ցանկում ավելացել է «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է անմիջապես իշխանափոխությունից հետո՝ 2018-ի մայիսի 22-ին: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում որպես հիմնադիր գրված է Հրաչյա Շարոյանի անունը: Հետաքրքիր է, որ Շարոյանը բնակվում է Սամվել Ալեքսանյանի հարևանությամբ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենց փողոցում:
 
 
 
Այս կազմակերպությունը 2018-ի հուլիս և օգոստոս ամիսներին ունեցել է 2 աշխատակից, իսկ ահա սեպտեմբերից աշխատակիցների թիվը կտրուկ աճել է՝ դառնալով 146, հոկտեմբերին՝ 150, նոյեմբերին՝ 159, դեկտեմբերին՝ 160, իսկ 2019-ի հունվար-փետրվարին գրանցված աշխատակից չունի, իսկ ահա մարտին աշխատակիցները 166-ն են։ Աշխատելով ընդամենը մի քանի ամիս՝ անցած տարի այն վճարեց 2,8 մլրդ դրամի հարկ` հիմնական մասը՝ տարեվերջին. չորրորդ եռամսյակում ընկերության կողմից կատարված հարկային պարտավորությունները կազմեցին շուրջ 2,2 մլրդ դրամ։ Հրաչյա Շարոյանը իսկապես հանդիսանում է «Ալեքս էնդ Հոլդինգ» ՍՊԸ-ի հիմնադիրը և դա զարմանալի չէ՝ նա Սամվել Ալեքսանյանի հորեղբոր որդին է։ Կազմակերպությունը ստեղծվել է 2018 թվականի մայիսի 22-ին։ Սակայն, միայն այն հանգամանքը, որ կազմակերպության հիմնադիրը Հրաչյա Շարոյանն է, չի նշանակում, որ ընկերությունը փոխկապակցված չէ Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ։
 
 
Այսպես, Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ի հիմնադիրը, համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, Էդգար Անտոնյանն է, սակայն բոլորովին վերջերս «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ի նոր՝ հագուստի արտադրամասի հանդիսավոր բացմանը, որին հրավիրված էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես ընկերության սեփականատեր մասնակցում էր Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Աստղիկ Ալեքսանյանը, որին ուղեկցում էր նաև Սամվել Ալեքսանյանը։
 
 
 
Նույն Էդգար Անտոնյանը նաև տնօրինում է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող մյուս ընկերությունների բաժնեմասերը։ Օրինակ՝ նա 100 տոկոս բաժնեմաս ունի «Մակալեքս» ընկերությունում, բաժնեմասեր «Ալեքս Ալկո» և «Խոլորձ» ՍՊԸ-ներում։
 
 
 
Նշենք, որ Էդգար Անտոնյանը հանդիսանում է նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Ալկո» ՍՊԸ-ի հիմնադիր, ինչը կրկին չի նշանակում, որ դրա սեփականատերը Ալեքսանյանը չէ։
 
Անտոնյանին է պատկանում նաև «Լավեռ» ՍՊԸ-ն, որը, ըստ պետռեգիստրի կայքի, գտնվում է լուծարման փուլում: Ուշագրավ է, որ այս ՍՊԸ–ի սեփականատերերի ցանկում է նաև Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Լուսինե Ալեքսանյանը:
 
Այսպիսով կարող ենք փաստել՝ ժամանակին մենաշնորհային համարվող ոլորտում Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգ»-ի մասնակցությունը նվազել է, սակայն Սամվել Ալեքսանյանինը՝ ոչ: Եվ վերջինս իր բարեկամների և մտերիմների միջոցով շարունակում է պահպանել մենաշնորհային դիրքը վերը նշված շուկաներում և դա անում է՝ մնալով ստվերում: