Զուգադիպություն է թե ոչ, սակայն Երեւանում ու մարզերում խոշոր ջերմոցային կամ անասնապահական տնտեսությունների տերերը նույն մարդիկ են, որոնց անուններն անգիր գիտենք: Խոսքը հատկապես նախկին պաշտոնյաների և օլիգարխների մասին է, որոնց ջերմոցները և այնտեղ կատարվող մի շարք մախինացիաներ մինչ օրս էլ ամբողջությամբ ուսումնասիրված չեն պատկան մարմինների կողմից, ասել է թե` անգամ «Նոր Հայաստանում» նրանք շարժվում են հին, չգրված օրենքներով:
Ընդամենը ամիսներ առաջ հանրությանը հայտնի դարձավ, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ոռոգվել են ապօրինի տեղադրված խողովակներով։ Այս մասին կատարված ուսումնասիրություններից հետո հայտարարություն էր տարածել Պետական վերահսկողության ծառայությունը։ Մխչյան առաջին հերթի մղման խողովակաշարի վրա հայտնաբերվել է 100 մմ տրամագծով 50-70 լիտր/վրկ ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը: Եվ սա ընդամենը ապօրինությունների մի մասն է, որը կատարվել է Աբրահամյանին պատկանող ջերմոցներում: Եվ Հովիկ Աբահամյանն էլ այս «ջերմոցային մաֆիայի» միակ ներկայացուցիչը չէ:
Ուշագրավ է, որ նոր ինտենսիվ այգիների ու ջերմոցների ստեղծման մեծագույն ջատագով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս չի դիմացել ջերմոցային բիզնեսի գայթակղությանը: Վերջինիս է պատկանում Սյունիքի մարզի լոլիկի ջերմոցների զգալի մասը, որոնք էականորեն խանգարում են անհատ գյուղացիներին` շուկայում իրացնելու իրենց ապրանքը, քանի որ այդ նույն շուկայում գինը սկսում է թելադրել ժամանակից շուտ վաճառվող ջերմոցային ապրանքը:
ՊԵԿ նախկին նախագահ և Կարեն Կարապետյանի հովանավոր Վարդան Հարությունյանի որդիներին պատկանող «Գրին Ֆարմեր» ընկերությունը դեռևս նախորդ կառավարության օրոք բազմիցս օգտվել է գործադիրի տրամադրած բիզնես արտոնություններից՝ նոր ջերմոցներ կառուցելու համար:
Վարդերի ջերմոցների մեծ սիրահար է նաև Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Արամ Ղարիբյանը, ում «Էկոտոմատո» և «Արմյանսկի ուրաժայ» ընկերությունները, ունենալով արտահանման հսկայական ցուցանիշներ, չգիտես ինչպես, երբեք չեն հայտնվել խոշոր հարկատուների 1000-ում:
«Էկոտոմատո» ընկերության տնօրեն է հանդիսանում Ռուշա Ղարիբյանը, որին պատկանում է նաև «Ռոզ Արտ» ընկերությունը, իսկ այստեղ սկսվում է ամենաուշագրավը, քանի որ «Ռոզ Արտը» պատկանում է հենց «Էկոտոմատոյին»:
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը Եղվարդում հսկայական ջերմոցներ ուներ, որտեղ լոլիկ, վարունգ ու պղպեղ էր աճեցնում։ Խաչատրյանը հսկայական ջերմոցներ ուներ նաև Եղվարդի հարևանությամբ գտնվող Նոր Գեղիում:
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալ Արտաշես Ավետիսյանին է պատկանում «Գրին Ֆուդ» ընկերությունը:
Պետռեգիստրից տեղեկանում ենք, որ ջերմոցային բիզնեսում կա ևս մեկ խաղացող՝ «Բերքառատ Ջերմոց» ՍՊԸ-ն, որի ղեկավարը Վարուժան Խուդեդանյանն է: Այս ընկերության հետ կապված հետաքրքիր պատմություն կա: ՎՊ-ն տարիներ առաջ պարզել էր, որ ապակեպատ ջերմոց կառուցելու համար ֆիզիկական անձին տրամադրվել է 25 հազար ԱՄՆ դոլարի վարկ, սակայն վերջինս այդպես էլ այն չի կառուցել: ԾԻԳ-ի կողմից իրականացված «մոնիտորինգի» փաստաթղթերով արձանագրվել է, որ անձն ստացված վարկային միջոցների հաշվին հիմնադրել է «Բերքառատ ջերմոց» ՍՊԸ-ն եւ մասնակցել «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի կողմից ջերմոցների ցուցադրական տեղամասի կառուցման աշխատանքներին: Սակայն ՎՊ-ի կողմից ֆինանսների նախարարությանն արված հարցմամբ պարզվել է, որ «Բերքառատ ջերմոց» ՍՊԸ-ն հիմնադրված է եղել նշված վարկը ստանալուց դեռեւս երկու տարի առաջ: Դեռ ավելին՝ ջերմոցի ցուցադրական տեղամասի կառուցման աշխատանքներին «Բերքառատ ջերմոց» ՍՊԸ-ի մասնակցության փաստը հիմնավորող որեւէ փաստաթուղթ ընկերությունը չի կարողացել ներկայացնել: Սա դասական կոռուպցիա է:
Իսկ ո՞վ է ինքը՝ Վարուժան Խուդեդանյանը: Նրա անունը փնտրելիս հանդիպում ենք երկու անգամ: Երկու անգամից էլ կարելի է ենթադրել, որ վերջինս եղել է համայնքի ղեկավարի տեղակալ և ընտրություններին ակտիվորեն լոբբինգ է արել իշխող քաղաքական ուժի համար: