Պրիմորյեի երկրամասում 3-ամյա աղջիկն ապրել է գոմում՝ հորթերի եւ այծերի հետ: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:

Նշվում է, որ երեխան ապրել է սենյակում, որը նախատեսված է եղել կենդանիների համար: Անչափահասների գծով տեսուչները գտել են անասունների կերակրման և անասնաբուժական դեղամիջոցների տոպրակներ, որոնք երեխայի համար հասանելի վայրում են եղել, իսկ երեխայի իրերը թափթփված վիճակում են եղել:

Դրանից բացի, տարածքը ապրելու համար պիտանի չի եղել, պատերից թափված է եղել ծեփը, հատակը ներկված չի եղել, իսկ էլեկտրական լարերը պատից ցցված են եղել:

Խնամակալի խոսքերով, աշխատանքով ծանրաբեռնված լինելու պատճառով, նրա համար ավելի հարմար է թոռնիկին իր հետ ֆերմա տանել, քան նրա հետ մնալ տանը, որը գտնվում է գյուղի տարածքում:

Հայտնի է, որ երեխային հանձնել են Ուսուրիյսկի սոցիալ-վերականգնողական կենտրոն: