Չինաստանում նոր կորոնավիրուսներով (2019-nCoV) պայմանավորված համաճարակային իրավիճակը դեռևս լարված է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության փետրվարի 4-ի տվյալների համաձայն` Չինաստանում արձանագրվել է 20471 հաստատված դեպք` 425 մահվան ելքով, իսկ աշխարհում գրանցվել է 20630 հաստատված դեպք: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Ըստ չինական աղբյուրի՝ փետրվարի 5-ին, ժամը 10:00-ի դրությամբ արձանագրվել է կասկածելի 23260 դեպք, հաստատված 24367 դեպք` 492 մահվան ելքով, առողջացել է 898 հիվանդ:
Նոր կորոնավիրուսային վարակի (2019-nCoV) դեմ պայքարի միջոցառումներն արդյունավետ իրականացնելու նպատակով առողջապահության նախարարության կողմից ձեռնարկվել են մի շարք համալիր միջոցառումներ՝ սահմանային հսկողությունից մինչ լաբորատոր հետազոտություններ:
ՀՀ պետական սահմանի անցման կետերում Չինաստանից ժամանող ուղևորների նկատմամբ իրականացվող հսկողությունն առավել արդյունավետ դարձնելու համար առողջապահության նախարարության մասնագետները դեռևս հունվարի 27-ից գործուղվել էին սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետեր: Նշված օրվանից մինչ օրս Հայաստան է ժամանել 859 անձ, որոնց նկատմամբ սահմանվել է հսկողություն՝ ըստ բնակության վայրի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մինչ օրս կորոնավիրուսային վարակին բնորոշ կասկածելի ախտանշաններ ունեցող 40 պացիենտ է հոսպիտալացվել, որոնցից 26-ը դուրս է գրվել (դուրս գրումները շարունակվում են), 14 պացիենտ դեռևս հոսպիտալացված է: Բոլորը ստացել և ստանում են ախտանշանային բուժում, անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են լաբորատոր հետազոտությունները: Արդյունքում` եզակի դեպքերում հայտնաբերվել են գրիպի Ա տեսակի հարուցիչներ, ռինովիրուսներ, իսկ նոր կորոնավիրուսի հետազոտության արդյունքները եղել են բացասական:
Հարկ է նշել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանին կտրամադրվի լաբորատոր թեստերի նոր խմբաքանակ:
Հավելենք, որ վերջին օրերի ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվում նաև այն մասին, թե նոր կորոնավիրուսային վարակը փոխանցվում է բանանի կամ Չինաստանից ուղարկված ծանրոցների միջոցով: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վարակը փոխանցվում է օդակաթիլային և կոնտակտային (սերտ շփման) ճանապարհով՝ մարդուց մարդ, իսկ Չինաստանում՝ նաև կենդանիներից մարդուն: Ավելին՝ մրգերի կամ ծանրոցների մակերեսների վրա հարուցիչը չի կարող երկար գոյատևել և հանդիսանալ վարակի տարածման աղբյուր:
Այս պահին իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում վերահսկելի է, նոր կորոնավիրուսային վարակով դեպքեր չեն արձանագրվել, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ համագործակցված շահագրգիռ կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ:
Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել, չտարածել ապատեղեկատվություն, հետևել միայն պաշտոնական լրահոսին և բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով մասնագիտական ուղղորդումներից և մեկնաբանություններից, իսկ չհիվանդանալու համար հիշեցնում ենք.
- միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
- խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից,
- օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
- լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,
- գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- եթե գտնվում եք Չինաստանում, ապա խուսափե´ք կամ բացառեք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելություններից, օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
եթե վերադարձել եք Չինասատնից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճանապարհորդության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ: